Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է Սիրիայում և Իրաքում երկրի զինված ուժերի օգտագործման մանդատը ևս երկու տարով երկարաձգելու օգտին, հայտնում է ՌԻԱ գործակալությունը։
Այս որոշմանն աջակցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները, ինչպես նաև «Ազգային շարժում» կուսակցության ազգայնականները։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» դեմ են քվեարկել։
Թուրքիայի խորհրդարանը առաջին անգամ թույլատրել է երկրի զինված ուժերի օգտագործումը Իրաքում և Սիրիայում 2014 թվականի հոկտեմբերին։ Դա ուժի մեջ է եղել 12 ամիս, այնուհետև երկարաձգվել է ամեն տարի: