Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդներ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը կընդունեն համատեղ հռչակագիր Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և երկու անդրկովկասյան հանրապետությունների միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու վերաբերյալ, ինչպես նաև կխնդրեն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) լուծարել Մինսկի խումբը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին՝ մեկնաբանելով Ալիևի, Փաշինյանի և Թրամփի առաջիկա ժամերին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ծրագրերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Սպիտակ տան ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ, մասնավորապես, նշել է. «Նրանց կողմից (Ալիևի և Փաշինյանի – ՏԱՍՍ) համաձայնեցված «ճանապարհային քարտեզը» թույլ կտա մեզ կառուցել ապագա համագործակցություն, որից կշահեն երկու երկրները, Հարավային Կովկասը»:
Ըստ Քելիի՝ «երկու երկրները կստորագրեն համատեղ հռչակագիր, որը պարունակում է [խաղաղության] համաձայնագիր, որով կստեղծվի «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։
«Մենք խոսում ենք տարբեր տեսակի տրանսպորտի տարանցիկ գոտու մասին, որը կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»։ «Սա կապահովի երկու երկրների միջև անխոչընդոտ հաղորդակցություն՝ հարգելով Հայաստանի և նրա ժողովրդի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, երկրները կստորագրեն համատեղ նամակ, որով պաշտոնապես կխնդրեն ԵԱՀԿ-ին լուծարել այլևս արդիական չհամարվող Մինսկի խումբը»,-նշել է նա:
Քելլիի խոսքով՝ նախատեսվում է եռակողմ ստորագրման արարողություն: Սպիտակ տան ժամանակացույցի համաձայն՝ կընդունվեն նաև երկկողմ փաստաթղթեր՝ Թրամփի, Փաշինյանի և Ալիևի միջև առանձին հանդիպումների ժամանակ:
Քելլիի պարզաբանմամբ՝ այս երկկողմ փաստաթղթերը ներկայացնում են համապարփակ համագործակցության համաձայնագրեր: «Նախագահ Թրամփը կստորագրի համաձայնագրեր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որոնք կբացեն մեր հարաբերությունները երկու երկրների և տարածաշրջանի հետ՝ օգուտ բերելով ամերիկյան բիզնեսին: Այս համաձայնագրերը ներառում են էներգետիկան, տեխնոլոգիաները, տնտեսական համագործակցությունը, սահմանային անվտանգությունը, ենթակառուցվածքները և առևտուրը», – ասել է Սպիտակ տան խոսնակը՝ առանց մանրամասներ հաղորդելու: