Եվրամիությունը գտնում է, որ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններն անցել են «անկախ քննադատների ահաբեկման մթնոլորտում», ինչպես նաև լիարժեք միջազգային դիտարկումների բացակայության պայմաններում»,- Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է միության արտաքին քաղաքական ծառայության մամուլի խոսնակ Պետեր Ստանոն:
Օգոստոսի վերջերին, Ռուսաստանի Պետդումայի՝ Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա միջամտության փաստերը հետաքննող հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարյովը հայտարարել էր ծրագրված արշավի մասին՝ «վարկաբեկելու Ռուսաստանում ընտրությունները և արտերկրում հասարակական կարծիքը նախապատրաստելու արդյուքների չճանաչման համար»:
«Մենք ի գիտություն ենք ընդունել ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ լուրջ աղբյուրներից ստացված հաղորդագրությունները», – ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ նշելով իշխանությունների կողմից «ձեռնարկված միջոցները ակտիվիստների, անկախ լրատվամիջոցների և ընդդիմադիրների» դեմ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
«Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների պահպանման ոլորտում՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի շրջանակներում», – ասել է Ստանոն: