Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի չորս քաղաքացիների՝ ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի ղեկավար Զվիադ Խարազիշվիլիի, նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, ինչպես նաև ռուսամետ Alt-info-ի ղեկավարների նկատմամբ։
Պետդեպարտամենտը նաև վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի կառավարության և խորհրդարանի ավելի քան 60 անդամների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների համար. հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Հաղորդվում է նաև, որ ցուցակում ընդգրկված են կոռուպցիոն սխեմաներին մասնակցող բիզնես առաջնորդներ և անհատներ, ովքեր «նպաստում են ապատեղեկատվության և բռնության տարածմանը»։
Երկու որոշումների պատճառն էլ ժողովրդավարության խարխլումն էր, խաղաղ ցույցերի դաժան ճնշումը և քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարը։
Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցների ենթարկված անձինք «չարաշահել են իրենց լիազորությունները՝ սահմանափակելու Վրաստանի ժողովրդի հիմնարար ազատությունները»:
Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների և այլ անձանց նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները միջամտություն են հոկտեմբերի 26-ին հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Սա վիրավորանք է ոստիկանության հասցեին և փորձ՝ ազդելու վրաց ժողովրդի ընտրության և կամքի վրա։ Սա միջամտություն է Վրաստանի ընտրություններին»,- ասել է Մդինարաձեն։
Քաղաքական գործչի խոսքով՝ ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ կուսակցությունն ԱՄՆ-ից ավելի կոշտ պատժամիջոցներ ու հայտարարություններ է ակնկալում։ Ինչպես նշել է Մդինարաձեն, դրսի այսպիսի արձագանքը վրացական ընդդիմության համար միայն «փրկարար օղակ» է:
Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ 12 տարի իշխանության ղեկին գտնվող իշխող կուսակցությունը կփորձի 4-րդ անգամ հաղթել։ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը համարվում է նրա գլխավոր մրցակիցը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կառաջադրի վարչապետի թեկնածու, որը կձևավորի կառավարությունը։