Ամերիկյան վարչակազմը ողջունում է ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության միջև հաղորդակցության վերականգնումը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Մենք, անշուշտ, աջակցում ենք, շարունակում ենք աջակցել միջկորեական երկխոսությանը, փոխգործակցությանը և համագործակցությանը: Եվ մենք կշարունակենք աշխատել Կորեայի Հանրապետությունում գտնվող մեր գործընկերների հետ այդ նպատակով»,-ասել է նա:
«Մենք, իհարկե, դատապարտում ենք անօրինական հրթիռային արձակումները, որոնք ապակայունացնող են տարածաշրջանի և միջազգային հանրության համար: Մենք սերտորեն խորհրդակցում ենք դաշնակիցների հետ ինչպես մայրաքաղաքներում, այնպես էլ Նյու Յորքում` ՄԱԿ-ում, գնահատելով վերջին իրադարձությունները և մշակելով հաջորդ քայլերը», – նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը: