Եվրոպայում COVID-19-ի դեպքերի շաբաթական քանակը ապրիլի կեսի 1,7 միլիոնից իջել է անցյալ շաբաթ մոտ 685 000 նոր դեպքի, ինչը նշանակում է 60%-ով նվազում մեկ ամսվա ընթացքում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Քլյուգեն Կոպենհագենում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվել է Ֆեյսբուքում:
Նա բացատրել է, որ անցյալ շաբաթ դեպքերը բարձր են մնացել տարածաշրջանի ութ երկրներում՝ 100 հազար բնակչի հաշվով ավելի քան 150 նոր դեպք: «Համաճարակը դեռ չի ավարտվել», ասել է նա:
Եվրոպական տարածաշրջանի բնակիչների միայն 23%-ն է ստացել COVID-19-ի պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 11%-ը լիովին իմունացված է, ասել է Քլյուգեն: