Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին նշել է, որ այլ երկրներին պատվաստանյութերի մատակարարումները չեն սկսվի, քանի դեռ չի ավարտվել ԱՄՆ պաշարների ստուգումը, գրում է Ինտերֆաքսը: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն ունի AstraZeneca պատվաստանյութի 10 միլիոն չափաբաժին, իսկ մայիսին և հունիսին ակնկալվում է ստանալ ևս 50 միլիոնը:
AstraZeneca-ի պատրաստուկը հաստատված չէ ԱՄՆ-ում օգտագործման համար, ինչը նշանակում է, որ առաջիկա ամիսներին այս պատվաստանյութը պետք չի լինի ամերիկացիներին: Այնուամենայնիվ, Փսակին պարզաբանել է, որ մինչև պատվաստանյութերը ԱՄՆ-ից առաքվեն, կստուգվի դրանց որակը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ն նախատեսում է 60 միլիոն չափաբաժին AstraZeneca-ի պատվաստանյութ ուղարկել այլ երկրներին օգնելու համար: