Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին և չպետք է լինի Սիրիայի խաղաղ կարգավորման գործընթացի երաշխավոր երկիր, այսօր հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սուսանը Աստանայի ձևաչափով Սիրիայի վերաբերյալ 16-րդ միջազգային հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում:
«Այս [թուրքական] հանցավոր ռեժիմը խախտում է օրենքը, և նրա ապակառուցողական քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ հաստատում է այն, ինչ Սիրիան ասում էր Աստանայի գործընթացի առաջին իսկ օրվանից. թուրքական ռեժիմը աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին և արժանի չէ [Աստանայի] գործընթացում երաշխավորի կարգավիճակին, քանի որ չի կատարում իր պարտավորությունները», ասել է փոխնախարարը և հավելել, որ այդպիսով Անկարան խախտում է միջազգային իրավունքը:
Նրա խոսքով ՝ Թուրքիան Սիրիայում իրականացնում է թուրքացման քաղաքականություն: «Դա արտահայտվում է նրանով, որ դպրոցներում փոխվում են ուսուցման մեթոդները, փոխվում են քաղաքների, գյուղերի և բնակավայրերի անունները, և այդպիսով ինքնությունը սիրիականից դառնում է թուրքական», բացատրել է նա: