Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը անհաջող է ավարտվել. գրում է BBC News-ը։
Կողմերը չստորագրեցին ուկրաինական հանքային ռեսուրսների վերաբերյալ շ համաձայնագիր, վաղաժամ ընդհատեցին հանդիպումը փակ դռների հետևում՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների ներկայությամբ բուռն վիճաբանությունից հետո։
Դոնալդ Թրամփը, ով Վլադիմիր Զելենսկիին մեղադրել էր «անհարգալից վերաբերմունքի» մեջ, անմիջապես իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ, իր կարծիքով, Ուկրաինայի նախագահը «պատրաստ չէ խաղաղության»։
«Այսօր մենք շատ բովանդակալից զրույց ունեցանք։ Մենք շատ բաներ իմացանք, որոնք հնարավոր չէր հասկանալ առանց նման ինտենսիվությամբ ու ճնշումներով խոսելու»,- գրել է նա։ «Զարմանալի է, թե ինչ կարելի է հասկանալ նման հույզերից, և ես համոզված եմ, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե Միացյալ Նահանգները ներգրավվի, քանի որ, նրա կարծիքով, մեր մասնակցությունը նրան մեծ առավելություն է տալիս բանակցություններում»:
«Ես առավելություններ չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում։ Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Օվալաձև գրասենյակի պատերի ներսում։ Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»,- գրել է Թրամփը։
Զելենսկին կարճ ժամանակ անց լքել է Սպիտակ տունը՝ լրագրողներին որևէ մեկնաբանություն չտալով. հայտնում են լրատվական գործակալությունները։
Մեկ ժամ անց նրա «X» աքաունթում հայտնվեց գրառում, որում ոչ մի խոսք չկա բանակցությունների ձախողման մասին։ «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Միացյալ Նահանգների նախագահ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ: Ուկրաինային արդար խաղաղություն վաղուց է պետք, և մենք աշխատում ենք հենց դրա համար»,- ասված է Ուկրաինայի նախագահի հայտարարության մեջ։
Ընդերքի մասին համաձայնագիրը, որի համար Զելենսկին եկել էր Վաշինգտոն, նույնպես չի ստորագրվել. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զելենսկու ծրագրված հարցազրույցը Fox News-ին դեռ չի չեղարկվել, ասվում է հեռուստաալիքի օգտահաշվում։
Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամանակ առաջին հարցերից մեկը տվել է BBC-ի ուկրաինական ծառայության թղթակից Միրոսլավա Պեկան՝ արդյոք ԱՄՆ-ը կշարունակի՞ զենք մատակարարել Ուկրաինային, եթե հրադադար չլինի։ Ինչին Թրամփը պատասխանեց, որ մատակարարումները կշարունակվեն, բայց նա հույս ունի, որ նրանք ստիպված չեն լինի շատ զենք մատակարարել, քանի որ ակնկալում են, որ պատերազմը արագ կավարտվի:
Այնուամենայնիվ, Թրամփի և Զելենսկու զրույցը շուտով դարձավ շատ ավելի լարված և վերաճեց հանրային թեժ վեճի։
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Վենսը հարցրեց.
«Ի՞նչ եք կարծում, հարգալից է մտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Օվալաձեւ գրասենյակ և հարձակվել վարչակազմի վրա, որը փորձում է կանխել ձեր երկրի կործանումը»:
Թրամփն ասել է. «Դուք այժմ լավ վիճակում չեք։ Դուք հիմա հաղթաթուղթ չունեք։ Մեզ հետ դուք կունենաք հաղթաթուղթ… Դուք վտանգում եք միլիոնավոր մարդկանց կյանքը։ Դուք սկսում եք երրորդ համաշխարհային պատերազմ»:
Հանդիպման հրապարակային մասն ավարտվեց Թրամփի խոսքերով՝ Զելենսկին բավականաչափ «երախտապարտ» չէ։
«Դուք պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին քարտեր չկան, ձեր զորքերն ու զենքերը սպառվում են», – ասել է Թրամփը՝ պնդելով հրադադարի անհրաժեշտությունը։
Ինչին Զելենսկին պատասխանել է, որ չի եկել թղթախաղ խաղալու։ Նա կտրուկ արձագանքեց նաեւ ԱՄՆ նախագահի այն նկատառմանը, թե առանց Ամերիկայի օգնության, Ուկրաինան երկու շաբաթ էլ չէր դիմանա։
«Ես դա արդեն լսել եմ մոտ երեք օր առաջ Պուտինից», – հեգնանքով նշել է Զելենսկին։
BBC News