Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պահանջելով անհապաղ դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահները լիբանանա-իսրայելական սահմանի մարտական գոտուց։
«Դա պետք է արվի հենց հիմա, անհապաղ». նրա խոսքը տարածել են իսրայելական լրատվամիջոցները։
Լիբանանում ՄԱԿ-ի ուժերը կազմում են մոտ 11,000 զինվորներ և քաղաքացիական աշխատակիցներ 48 երկրներից: Դրանք տեղադրված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1978 թվականի մարտի բանաձևի համաձայն։
Նշենք, որ Լիբանանում ՄԱԿ-ի ուժերը հրաժարվել են լքել իրենց դիրքերը երկրի հարավում՝ չնայած Իսրայելի առաջարկներին։ Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցում ասել է խաղաղապահ ուժերի ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։
«Իսրայելական բանակը խնդրեց մեզ լքել մեր դիրքերը Կապույտ գծի երկայնքով։ Սակայն մենք միաձայն որոշեցինք մնալ, քանի որ ՄԱԿ-ի դրոշը պետք է ծածանվի ՄԱԿ-ի այս գոտում»։