ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հնարավոր է հաղթեր ամերիկյան վարչակազմի գործող ղեկավար, դեմոկրատ Ջո Բայդենին, եթե հիմա նոր ընտրություններ կազմակերպվեին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները։ Հարցումն անցկացրել է Էմերսոն համալսարանը, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում:
Այսպիսով, Թրամփը Բայդենից առաջ կանցներ մեկ տոկոսային կետով՝ 47% ընդդեմ 46%-ի:
Դեմոկրատական կուսակցության հարցված համակիրների 60%-ը պատրաստ է քվեարկել գործող նախագահի օգտին, 39%-ը կնախընտրեր 2024 թվականին մեկ ուրիշին տեսնել որպես նախագահ: Թրամփը կարող է ստանալ հանրապետականների 67%-ի աջակցությունը:
Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին հարցի վերաբերյալ մարդկանց 68%-ը նշել է, որ ԱՄՆ-ն պարտվել է այդ պատերազմում:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը: Դրան մասնակցել է շուրջ 1,2 հազար գրանցված ընտրող: