Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է հինգի. հայտնում են իշխանությունները: Անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներին, որտեղ սկսվել է տեղի բնակիչների տարհանումը. հայտնում է BBC News-ը։
«Այսօր ավելի վաղ հայտնել էինք երկու զոհի մասին։ Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է հինգի»,- ասել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան։
Նրա խոսքով՝ հրդեհները դեռ տեղայնացված չեն, զոհերի թիվը կարող է աճել։ Իրավիճակը սրում են ուժեղ քամին և չոր եղանակը։
Իշխանությունները նշում են, որ Լոս Անջելեսի տարածքում շարունակում են հինգ անտառային հրդեհները. 150 հազար մարդ ապրում է տարհանման գոտում:
Սանտա Մոնիկայի և Մալիբուի միջև ընկած Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում հրդեհի տարածքը գերազանցում է 60 քառակուսի կիլոմետրը:
Լոս Անջելեսի շրջանի հրշեջների ղեկավար Էնթոնի Մարոնեն ասել է, որ հրդեհը ոչնչացրել է այնտեղ գտնվող առնվազն հազար շինություն:
Լոս Անջելեսի արևմտյան շրջանի Մալիբուում շատ հայտնի տներ կան։
Չորեքշաբթի TMZ-ը հայտնել է, որ Մալիբուի լողափում ամբողջությամբ այրվել է դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնին պատկանող տներից մեկը։
Ավելի ուշ դա հաստատել է ինքը՝ Հիլթոնը։
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են նաև Լոս Անջելեսի այլ հայտնի բնակիչների մասին, որոնց տները տուժել են հրդեհներից։
Հինգշաբթի երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ իշխանությունները հայտնել են, որ հերթական հրդեհը բռնկվել է Հոլիվուդի բլուրներում՝ Լոս Անջելեսի ամենահայտնի թաղամասերից մեկում:
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարըն Բասը հայտնել է, որ ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկվում Հոլիվուդ:
«Մենք LAPD-ի սպաներին ուղարկում ենք Հոլիվուդ՝ օգնելու տարհանմանը: Մենք աշխատում ենք ճանապարհները փակելու, երթևեկությունը վերահսկելու և հրշեջների մեքենաների հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆորնիայում և հրամայել դաշնային օգնություն ցուցաբերել՝ համալրելու տեղական ուժերը՝ անտառային հրդեհներից տուժած տարածքները վերականգնելու համար:
«Համաձայն նախագահի հրամանի՝ դաշնային ֆինանսավորումը հասանելի է դառնում Լոս Անջելեսի շրջանի բնակիչներին, որոնք տուժել են աղետից: Օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր բնակարանների և տների վերանորոգման, վարկեր՝ չապահովագրված գույքի կորուստների համար և այլ ծրագրեր՝ օգնելու մարդկանց և բիզնեսի սեփականատերերին վերականգնվել աղետից», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Բայդենը նաև հետաձգել է առաջիկա այցը Իտալիա։