Ալիևն ու Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը: Այդ մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, պարզաբանել է Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ: Ինչպես շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսը հույս ունի, որ իրավիճակը կկարգավորվի առաջիկա օրերին», ասվում է հաղորդագրության մեջ:

Ասվում է նաև, որ առաջիկայում Բելառուս կժամանի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակություն, և բելառուս գործընկերների հետ միասին կմշակվի «ազատագրված» տարածքներում շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիր: