ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021 թ. մայիսի 5-ին նիստ գումարեց՝ «Ինտերակտիվ երկխոսություն Խաղաղությանն ուղղված բազմակողմանիության և դիվանագիտության միջազգային օրը ոգեկոչելու և խթանելու համար» թեմայով: Նիստը սովորաբար անցկացվում է ապրիլի 24-ին, ամսաթիվ, որը ՄԱԿ-ը սահմանել է «Խաղաղությանն ուղղված բազմակողմանիության և դիվանագիտության» օրը նշելու համար:
ՄԱԿ-ի պատվիրակները բազմաթիվ երկրներից, այդ թվում `Հայաստանի ներկայացուցիչը, ելույթ ունեցան նիստի ժամանակ, որը նախագահում էին Գլխավոր ժողովի նախագահ, Թուրքիայի նախկին դիվանագետ Վոլքան Բոզքիրը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նիստի ընթացքում ՄԱԿ-ում (Նյու Յորք) Հայաստանի Հանրապետության առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ Դավիթ Կնյազյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Հայաստանը հաստատապես հավատարիմ է ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա հիմնված արդյունավետ բազմակողմանիությանը՝ ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը և վեճերի խաղաղ կարգավորումը: Ապրիլի 24-ն այն օրն է, երբ ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին, ինչը խիստ հիշեցում է, որ միջազգային կարգի ճգնաժամը կարող է հանգեցնել դաժան հանցագործությունների:
Համաճարակի պատճառած համաշխարհային մարտահրավերները փորձություն են բազմակողմանիության համար: Ատելության խոսքի աճի, համաճարակի օգտագործմամբ պատերազմներ սանձազերծելու և մարդու իրավունքները ոտնահարելու ու անցյալի ցեղասպանություններն արդարացնելու պայմաններում, ՄԱԿ-ը պետք է ծառայի որպես միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների և մարդկության արժեքների պահապան: Այս մարտահրավերները կանխելու և դրանց արձագանքելու համար ՄԱԿ-ի կարողությունների ուժեղացումը կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության պահպանման համար:
Մենք կցանկանայինք հարցնել ՄԱԿ-ի հիմնական մարմինների ղեկավարներին՝ ի՞նչ միջոցներ կարող են սահմանվել ՄԱԿ-ի կանխարգելման մեխանիզմներն ամրապնդելու համար՝ ընդդեմ ատելության խոսքի աճի, ժխտողականության և անցյալի ոճրագործությունների արդարացման: Եվ երկրորդ՝ ինչպե՞ս ապահովել ՄԱԿ-ի համակարգի արդյունավետ արձագանքը էթնիկական և կրոնական հողի վրա բռնություն և ինքնության վրա հիմնված հանցագործություններ հրահրելուն»:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կարճ ելույթից հետո Գլխավոր ժողովի նախագահ Վոլքան Բոզքիրը պատասխանեց Հայաստանի ներկայացուցչի հայտարարությանը.
«Ի պատասխան իմ հարգարժան գործընկերոջը Հայաստանից [Գլխավոր քարտուղարը մասամբ պատասխանեց], ցեղասպանությունը հանցագործություն է, որը հատուկ սահմանված է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948 թ. կոնվենցիայով։ Ինչ է ցեղասպանությունը և ինչպես է դա որոշվում հստակ ամրագրված են Կոնվենցիայում: Ըստ այդմ, ցեղասպանության հանցագործությունը պետք է որոշվի իրավասու դատական մարմնի կողմից: Այլ կերպ ասած, միջադեպը ցեղասպանություն որակելու համար միջազգային իրավասու դատարանը պետք է այդ նպատակով որոշում կայացնի: ՄԱԿ-ի դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ, բնականաբար, համահունչ է Կոնվենցիային, և այն նախկինում բազմիցս կրկնվել է ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից, իսկ վերջերս`երկու շաբաթ առաջ, Գլխավոր քարտուղարի խոսնակի կողմից, որը հաստատեց, որ ցեղասպանության հարցը պետք է որոշի համապատասխան դատական մարմինը, որքանով դա առնչվում է ՄԱԿ-ին»:
Մի քանի խնդիրներ կան Բոզքիրի հայտարարության կապակցությամբ: Նախ, նա պատասխանեց Հայաստանի դիտողություններին ավելի շատ որպես թուրք դիվանագետ, քան որպես Գլխավոր ժողովի նախագահ՝ խախտելով ՄԱԿ-ի իր պաշտոնի չափանիշները: Սա է պատճառը, որ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը 2021 թ. մայիսի 10-ին նամակ ուղարկեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որը պետք է տարածվի որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ`մտահոգություն հայտնելով, որ Բոզքիրը «չարաշահում է» մայիսի 5-ի նիստը՝ Ցեղասպանության կոնվենցիայի «անտեղի, անցանկալի մեկնաբանություն» ներկայացնելու համար: Դեսպան Մարգարյանը նշեց, որ Բոզքիրի «անտեղի խոսքերը»․․․․ պետք է դիտարկել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ցեղասպանության ժխտման պաշտոնական քաղաքականության համատեքստում, որը հետևողականորեն առաջ է քաշում Թուրքիայի կառավարությունը, ինչը ցույց է տալիս այն փաստը, որ Բոզքիրի խոսքերն անմիջապես հանրայնացվեցին այդ երկրի պետական լրատվական գործակալությունների կողմից՝ ի աջակցություն պաշտոնական ժխտողականության: Անկասկած, Բոզքիրի գործողություններն անհամատեղելի են Գլխավոր ժողովի նախագահի բարոյագիտության կանոնների հետ»:
Կանխատեսելով Բոզքիրի հակասական հավատարմությունները, ՄԱԿ-ում Հայաստանի և Կիպրոսի մշտական ներկայացուցիչներ Մհեր Մարգարյանը և Անդրեաս Մավրոյանիսը 2020 թ. հունիսի 2-ին համատեղ նամակ ուղարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին`առարկելով Բոզքիրի առաջադրմանը իր ներկայիս պաշտոնում:
Համատեղ նամակը, որը տարածվեց ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում, հիշեցնում էր նրանց, որ Բոզքիրը ՄԱԿ-ին հավաստիացրել է. « ա) ներկայացնել բացառապես այն պաշտոնը, որտեղ նա ընտրվել է՝ հիմնվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և այն բանաձևերի, որոշումների, կանոնների և սովորույթների մարմնի վրա, որոնք պարտավորեցնում են նրան որպես Գլխավոր ժողովի նախագահ. և բ) բոլոր անդամ պետություններին ցուցաբերել հավասար վերաբերմունք՝ պահպանելով բազմակողմանիության ոգին և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, որի հիմքում ՄԱԿ-ն է»:
Դեսպաններ Մարգարյանն ու Մավրոյանիսը նշել են, որ Բոզքիրին առաջադրող երկիրը՝ Թուրքիան, «սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը իր ողջ տարածաշրջանում` անընդհատ խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը և միջազգային իրավունքը, ներառյալ ՄԱԿ-ի պատժամիջոցների ռեժիմները՝ իր նկրտումներն իրականացնելու՝ տարածաշրջանային գերակայության համար: Նա դա անում է՝ իր հարևան երկրների նկատմամբ ցույց տալով հարձակողական պահվածք, ոտնձգություն կատարելով նրանց տարածքների վրա, խաթարելով նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կասկածի տակ դնելով նրանց ինքնիշխան իրավունքները և գործիքավորելով փախստականների ու գաղթականների վիճակը քաղաքական նպատակների համար: Շուրջ երեք տասնամյակ պարտադրելով և պահպանելով Հայաստանի անօրինական ցամաքային շրջափակումը՝ Թուրքիան, ըստ էության, խոչընդոտում է ծով ելք չունեցող իր հարևան երկրի տարանցումը և ելքը դեպի ծով: 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության ժխտողականության Թուրքիայի համառ քաղաքականությունը և հարձակումները Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության վրա, շարունակում են անվտանգության սպառնալիք ներկայացնել Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի համար: Թուրքիան ներխուժեց Կիպրոս և գրեթե 50 տարի շարունակում է բռնազավթել նրա տարածքի ավելի քան մեկ երրորդը. շարունակում է ժխտել դրա գոյությունը՝ պնդելով չճանաչել այն՝ միակողմանիորեն հռչակելով իր կողմից զբաղեցրած տարածքում ապօրինի, անջատողական կառույց, որին փորձում է ընդդիմանալ միակ օրինական կառավարությանը՝ չնայած Անվտանգության խորհրդի կողմից իր գործողությունների հստակ դատապարտմանը. պատասխանատու է Կիպրոսում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, որոնք շարունակում է հերքել, չնայած դատապարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից. և շարունակում է ամեն օր խախտել Կիպրոսի ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները ցամաքում, ծովում և օդում: Այս պատճառներից ելնելով է, որ մեր պատվիրակությունները դեմ են Բոզքիրի ընտրությանը «լռության ընթացակարգով» և պահանջում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի 75-րդ նստաշրջանի նախագահի ընտրությունն անցկացվի գաղտնի քվեարկությամբ»:
Չնայած ՄԱԿ-ի իր պաշտոնը՝ Բոզքիրը հանդես է գալիս որպես Թուրքիայի ներկայացուցիչ, քանի որ նա 1972 թվականից զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ իր երկրի արտաքին ծառայությունում, այդ թվում՝ դեսպան Ռումինիայում, գլխավոր հյուպատոս Նյու Յորքում, դեսպանության առաջին քարտուղար Իրաքում և գլխավոր փոխհյուպատոս Շտուտգարտում, Գերմանիա: Նա աշխատել է նաև որպես նախարարների դահլիճի ղեկավար և արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական նախագահներ Թուրգութ Օզալի և Սուլեյման Դեմիրելի օրոք, ինչպես նաև Արտաքին գործերի փոխնախարարի տեղակալ: Նա ինը տարի եղել է նաև Թուրքիայի խորհրդարանի անդամ և Եվրոպական միության գործերի նախարար:
Մոռանալով ՄԱԿ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները՝ Բոզքիրը «պավլովյան» հակազդեցություն ցուցաբերեց Հայաստանի ներկայացուցչի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակմանը: Կարևոր է նշել, որ նա աշխատելով որպես թուրք դիվանագետ մի քանի անգամ ժխտել է Հայոց ցեղասպանությունը։
2021 թ. մայիսի 5-ին Բոզքիրը կրկնեց հաճախ կրկնվող թուրքական դիրքորոշումը, որ «ցեղասպանության հանցագործությունը պետք է որոշվի իրավասու դատական մարմնի կողմից»: Նա անուղղակիորեն արձագանքեց վերջերս նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նախևառաջ, Օսմանյան կայսրությունը (այժմ՝ Թուրքիա) առաջին երկիրն էր, որը 1919-1920 թվականներին Ստամբուլում անցկացրեց հայկական կոտորածների (ցեղասպանություն եզրույթը դեռ չէր ստեղծվել) վերաբերյալ ռազմական դատավարություններ՝ մահվան դատապարտելով հայերի զանգվածային սպանությունների կազմակերպիչներին։ Երկրորդ, Բայդենը ԱՄՆ Կոնգրեսի և աշխարհի շուրջ 30 խորհրդարանների հետ միասին ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ոչ թե որպես իրավական դատավճիռ, այլ որպես ցեղասպանության հանցագործության քաղաքական հաստատում:
Պնդելով, որ «ցեղասպանությունը պետք է որոշվի համապատասխան դատական մարմնի կողմից», Բոզքիրը անտեսում է ՄԱԿ-ի սեփական գրառումները: Օրինակ՝ 1948 թ․ ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովը պատրաստեց ծավալուն զեկույց՝ մեղադրելով Թուրքիայի կառավարությանը հայկական ջարդերի իրականացման մեջ: ՄԱԿ-ի զեկույցում այս ջարդերը նկարագրվում են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ», որոնք ընդգրկում են «կառավարության կողմից իր հպատակների դեմ կատարված անմարդկային գործողություններ»։ Բոզքիրն անտեսում է նաև այն փաստը, որ ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովը 1985 թ. ընդունեց զեկույց, որում Հայոց ցեղասպանությունը նշվում էր որպես ցեղասպանության օրինակ: Ես ներկա էի այդ նստաշրջանին և ելույթ ունեցա ՄԱԿ-ի զեկույցի օգտին: Քանի որ Ցեղասպանության կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի կողմից, նրա կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը հեղինակավոր հայտարարություն է:
Բարեբախտաբար, մի քանի ամիս անց կավարտվի ՄԱԿ-ում Բոզքիրի մեկ տարվա պաշտոնավարումը։ Հանդես գալով որպես Թուրքիայի ներկայացուցիչ՝ նա փորձում է ստանալ ևս մեկ թուրքական դիվանագիտական պաշտոն, քանի որ շուտով հեռանալու է իր ներկայիս աշխատանքից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Yerkir.am