Երեկ հայտնել էինք, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեիկո Մաասը, ԵԽԽՎ–ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Արցախում սիրիացի վարձկանների գտնվելու մասին ապացույց չկա։
Թուրքական, ադրբեջանական և միջազգային որոշ ԶԼՄ–ներ իրականում խեղաթյուրել էին գերմանացի դիվանագետի խոսքերը. Մաասը հայտարարել էր, ոչ թե վարձկանների մասին ապացույց չկա, այլ այն, որ դեռևս հստակ չէ, թե դրանք ինչպես են այնտեղ մասնակցում, նրանց քանակը և ով է դրա համար պատասխանատու։
Գերմանայի ԱԳՆ–ի՝ Արևելյան Եվրոպայի, Հրվ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Միխեիլ Զիբերտը իր թվիթերյան էջում սքրինշոթ է հրապարակել «նրանց համար, ովքեր հետաքրքրված են, թե իրականում ինչ է ասել Մաասը»։
«Մեզ հայտնի են, որ սիրիացի զինյալներ են օգտագործվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Մենք պետք է նշենք, որ դա միակ հակամարտությունը չէ, որում օգտագործվում են դրանք. նման դերի մասին մենք արդեն գիտենք նաև Լիբիայում։ Ինչ վերաբերում է ԼՂ–ին, ապա հիմնվելով հետախուզական տվյալների հիման վրա, պետք է ենթադրել, որ իրոք ինչ–որ քանակությամբ սիրիացի զինյալներ կան գոտում։ Միջազգային մակարդակով ուսումնասիրվում է, թե ինչպես են նրանք այնտեղ օգտագործվում, ինչքան է նրանց քանակը և ով է դրա համար պատասխանատու։ Սակայն մինչ այժմ դա միանշանակ չի պարզվել», – նշել էր Մաասը։
Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ Մաասը այդպես էլ չի հստակեցնում, որ ահաբեկիչներն օգտագործվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ընդդեմ արցախահայության։ Դրանով նա կասկածի տակ է դնում ԵՄ–ում իր գործընկեր և դաշնակից Ֆրանսիայի և նրա նախագահի, ինչպես նաև ՌԴ–ի հայտարարությունները՝ ահաբեկիչների ներգրավվածության մասին։