«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել է, որ կհարձակվի թուրքական ուժերի վրա, եթե վերջիններս մնան Աֆղանստանի տարածքում: Այս մասին ասվում է շարժման հայտարարության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայի ղեկավարության որոշումը խախտում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում է աֆղանցիների ազգային շահերին», ասվում է Թալիբանի հայտարարության մեջ: Շարժումը նշում է, որ իրենք «Աֆղանստանի տարածքում ցանկացած օտարերկրյա զորքերի և ցանկացած պատրվակի առկայություն համարում են օկուպացիա և կպայքարեն զավթիչների դեմ»:
«Թալիբան»-ը կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջև»: «Եթե թուրք պաշտոնյաները չվերանայեն իրենց որոշումը, «Թալիբանի» կողմնակիցները դեմ դուրս կգան [Աֆղանստանում] թուրքական ուժերին»:
Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ, ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, իր երկիրը պատրաստ է Աֆղանստանում պահպանել զորակազմը Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցության պայմաններում: