Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր իսրայելցի գործընկեր Իսաակ Հերցոգի հետ՝ վերջինիս Իսրայելի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հեռախոսային բանակցություններն է անցկացրել: Այս մասին հայտնել են Թուրքիայի առաջնորդի գրասենյակից:
«Նախագահ Էրդողանը նշել է, որ, չնայած բոլոր տարաձայնություններին, կարևոր է պահպանել կապերն ու երկխոսությունը: Միջազգային հանրությունն ակնկալում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կլուծվի ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում», ասվում է հաղորդագրության մեջ: «Էրդողանը նաև շեշտել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Մերձավոր Արևելքի անվտանգության և կայունության համար»:
Ըստ Էրդողանի, «պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը նաև կնպաստեն Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացմանը»:
Թուրքիայի ղեկավարը շնորհավորել է Հերցոգին Իսրայելի նախագահ ընտրվելու կապակցությամբ: