Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության բանալին և պատրաստակամություն է հայտնում աջակցել ցանկացած եռակողմ, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափին: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Թուրքիայի ղեկավարը նաև ասել է, որ որոշում է կայացվել հնարավորինս շուտ գերագույն ռազմավարական խորհուրդ անցկացնել Վրաստանի մասնակցությամբ: Ճշգրիտ ամսաթիվը հայտնի կդառնա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների համապատասխան աշխատանքներն իրականացնելուց հետո:
Իր հերթին, Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ երկու հանրապետությունները ավելի մեծ թվով համատեղ ծրագրեր կկարողանան իրականացնել և խորացնել համագործակցությունը: Ղարիբաշվիլին Էրդողանին հրավիրել է Թբիլիսի:
Վրաստանի վարչապետը Թուրքիա պետական այց է կատարել երեքշաբթի, հայտնում է ՏԱՍՍ-ը: