ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը շնորհավորել է ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և նշել Միացյալ Նահանգների իշխանությունների ցանկությունը՝ Ռուսաստանի կառավարության հետ կառուցողականորեն համագործակցել ավելի կայուն և կանխատեսելի երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այդ հայտարարությունը տարածել է Պետդեպարտամենտը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության անունից ես շնորհավորում եմ Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա առթիվ», ասել է պետքարտուղարը:
Նա շեշտել է, որ այս տոնն արտահայտում է «նշանակալի քայլը, որը Ռուսաստանը կատարեց 1991-ի հունիսի 12-ին ՝ անցկացնելով առաջին ազատ, բաց ու արդար ընտրությունները և ընդունելով Ռուսաստանի պետական ինքնիշխանության հռչակագիրը»:
«Այս կարևոր փաստաթուղթը ճանաչեց Ռուսաստանի ժողովուրդների ժողովրդավարական ձգտումներն ու ինքնիշխանությունը և երաշխավորեց նրանց իրավունքներն ու հավասար պաշտպանությունը», ասված է հայտարարության մեջ։