Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն»: Այս մասին հայտնում է Բելգիայի հայերի կոմիտեն։
«Խորհրդարանը կոչ է արել դաշնային կառավարությանը «համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից բոլոր մնացած հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանն և անվտանգ վերադարձին աջակցելու համար»:
Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև «գերիների խոշտանգման վերաբեյալ առկա բազմաթիվ հաղորդագրությունները»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տրամադրած տվյալների համաձայն՝ 188 ռազմագերի դեռևս գտնվում է Ադրբեջանում: Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում էր գերիների անհապաղ և լիարժեք փոխանակում: Սակայն Ադրբեջանը չի ազատել գերիներին և մարտերի ավարտին հաջորդող օրերին ձերբակալել է նաև այլ հայ զինվորների ու խաղաղ բնակիչների: Հայաստանն, իր հերթին, մարտերն ավարտվելուն պես ազատ է արձակել բոլոր ռազմագերիներին:
Ի հավելումն այս ամենին, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ադրբեջանական ուժերը հինգշաբթի՝ մայիսի 27-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ձերբակալել են 6 նոր հայ զինծառայողների: Այս ձերբակալությունը հաջորդում է սահմանի մի քանի կետերում վերջին շրջանում հայկական տարածք շարունակական ներխուժումներին։
Այս միջադեպերը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող լարվածության ռազմավարության մի մասն են: Բելգիայի հայկական կոմիտեն կոչ է անում կառավարությանը հետևել խորհրդարանի խնդրանքին և միջամտել բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը»,- ասվում է Բելգիայի հայերի կոմիտեի հաղորդագրությունում:
Բելգիայի հայերի կոմիտեն տեղի հայկական համայնքի գործադիր մարմինը և խոսնակն է: Դեռևս 1922 թ. հիմնադրված հայկական ինստիտուտները համախմբված են հայկական ծագմամբ՝ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովում: Հայերի թիվը երկրում հասնում է շուրջ 30.000-ի: