ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ի թիվս այլ հարցերի, մտադիր է Հռոմում G20-ի գագաթաժողովի շրջանակներում Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի հետ քննարկել առաջատար պետությունների մրցակցությունը և ահաբեկչության դեմ պայքարը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ամերիկացի առաջնորդի օգնական Ջեյք Սալիվանը։
Բայդենն ու Մակրոնը կքննարկեն «ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դաշինքին» վերաբերող հարցեր։ Ինչպես պարզաբանել է Սալիվանը, քննարկումը կընդգրկի հարցերի լայն շրջանակ՝ «Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարից մինչև մեծ տերությունների մրցակցությունը և տնտեսության, առևտրի, տեխնոլոգիայի հարցեր»:
Սպիտակ տունն ակնկալում է, որ Հռոմում Բայդեն-Մակրոն հանդիպումից հետո հայտարարություն կընդունվի, որտեղ մանրամասն կներկայացվեն երկու երկրների համագործակցության ոլորտները։