Ասվում է, որ սիրիական անվտանգության ուժերը կարող են հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանած լինել, որոնք պատկանում են սիրիական ալավիական փոքրամասնությանը։ Դիտորդները զոհերի ընդհանուր թիվը, ներառյալ զինված խմբավորումների անդամները, գնահատում են հազարը. գրում է BBC News-ը։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնել է, որ մոտ 745 խաղաղ բնակիչ է զոհվել ուրբաթ և շաբաթ օրը ալավիների վրա իրականացված մոտ 30 հարձակման հետևանքով:
BBC-ն չի կարողացել ինքնուրույն ստուգել այս պնդումները:
Հաղորդվում է, որ հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները:
Ալավիները պատկանում են շիա իսլամի ճյուղին և կազմում Սիրիայի բնակչության մոտ 10%-ը: Սիրիայի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներ են։
Առնվազն 13 սիրիական անվտանգության ուժերի զինյալներ են սպանվել հինգշաբթի օրը Բաշար ալ-Ասադի տապալված վարչակարգի զինված խմբերի հետ բախումների ժամանակ, հաղորդում է Սիրիայի հեռուստաընկերությունը։
Բախումները սկսվել են Լաթաքիայի մոտ գտնվող Ջաբլա շրջանում, որը համարվում է ալավիական համայնքի սիրտը, որին պատկանում է Ասադների ընտանիքը։
SOHR-ը նշում է, որ ավելի քան 1000 մարդ է սպանվել վերջին երկու օրվա ընթացքում, ինչը Սիրիայում ամենասարսափելի բռնությունն է այն բանից հետո, երբ ապստամբները տապալեցին Ասադի ռեժիմը 2024 թվականի դեկտեմբերին:
Բռնության ալիքի հետևանքով զոհվել են իսլամիստների գլխավորած կառավարական անվտանգության ուժերի մոտ 125 անդամներ և Ասադին աջակցող 148 գրոհայիններ, ասվում է SOHR-ի զեկույցում:
Նախօրեին հաղորդվել էր, որ Սիրիայում անվտանգության ուժերի կողմից 340 խաղաղ բնակիչ է սպանվել։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը SANA-ին հայտնել է, որ կառավարությունը վերականգնել է վերահսկողությունը անվտանգության անձնակազմի վրա «նենգ հարձակումներից» հետո։
Բռնություններից փրկվածները ապաստան են գտել Լաթաքիա նահանգի Խմեյմիմ ռուսական ռազմաբազայում, հայտնում է Reuters-ը։ Նույն բանի մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։ Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ վանկարկում «Ժողովուրդը Ռուսաստանի պաշտպանությունն է ուզում»: Բացի այդ, տասնյակ ընտանիքներ փախել են հարեւան Լիբանան, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» Սիրիայի ափամերձ շրջաններում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին «չափազանց անհանգստացնող հաղորդագրություններով»: Նա կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են «ապակայունացնել» երկիրը և վտանգել «վստահելի քաղաքական անցումը»։
Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ վերջին զարգացումները «ակնկալվող խնդիրների» շրջանակում են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները։ Նա սիրիացիներին ազգային միասնության կոչ է արել տեսանյութում, որը ցուցադրվել է Al-Arabiya հեռուստաալիքով: Աշ-Շարաան խոսել է մզկիթում:
SOHR-ի ղեկավար Ռամի Աբդուլռահմանը ասում է, որ Ջաբլե, Բանիյաս և հարակից շրջաններում, Սիրիայի՝ հիմնականում ալավիներով բնակեցված ափին տեղի ունեցած սպանդը երկրում 13-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում բռնության վատթարագույն իրողությունն է: Աբդուլռահմանը, ըստ Reuters-ի, պնդում է, որ զոհերի թվում կան ալավիական փոքրամասնության կանայք և երեխաներ։
Նոր իշխանությունները խոստովանել են խախտումները «Ասադի աշխարհազորայինների մնացորդների» դեմ գործողության ընթացքում: Նրանք բռնության համար մեղադրել են քաղաքացիական անձանց և մարտիկների անկազմակերպ խմբերին, որոնք, իբր, փորձել են աջակցել երկրի իշխանությանը։
Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը շաբաթ օրը պետական լրատվամիջոցներին ասել է, որ ալավիների բնակավայրեր տանող բոլոր ճանապարհները փակվել են բռնությունը դադարեցնելու համար, իսկ անվտանգության ուժերը տեղակայվել են առափնյա քաղաքների փողոցներում:
Բռնության ենթադրյալ մասշտաբը, ներառյալ մի գյուղում տասնյակ ալավի տղամարդկանց սպանության մասին հաղորդումները, կասկածի տակ են դնում Սիրիայի իսլամիստական կառավարության կարողությունը, հայտնում է Reuters-ը: