ՌԴ-ն պատրաստ է աջակցել Թուրքիայի տիեզերական նախաձեռնություններին. Ռոգոզին

121

Թուրքիան ունի բոլոր անհրաժեշտ քաղաքական և տնտեսական լծակները դեպի Լուսին սեփական առաքելությունը նախապատրաստելու և իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային տիեզերական գործակալության («Ռոսկոսմոս») գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը՝ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանելով Թուրքիայի ազգային տիեզերական ծրագիրը և օդատիեզերական և պաշտպանական արդյունաբերություններում Մոսկվայի ու Անկարայի համագործակցության հնարավորությունները:

Ռոգոզինի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ երկխոսությունը խաղաղ տիեզերքի ոլորտում ունի երկար պատմություն: Ռոգոզինը մեկնաբանել է նաև թուրքական կողմի այն հայտարարությունը, որ Թուրքիան կարող է ցանկանալ օգտագործել «Սոյուզ» հրթիռներ՝ քաղաքացիներին միջազգային տիեզերակայան ուղարկելու համար:

«Ռուսաստանցի մասնագետները պատրաստ են գործնական քննարկում սկսել Թուրքիայի տիեզերագնացների պատրաստման և ղեկավարվող տիեզերական նախագծի նախապատրաստման մանրամասների վերաբերյալ՝ ի շահ Թուրքիայի։ Սպասում ենք համապատասխան առաջարկի մեր թուրք գործընկերների կողմից»,- հավելել է Ռուսաստանի պետական կորպորացիայի ղեկավարը:

Ռոգոզինը հայտարարել է նաև Անկարայի և Մոսկվայի միջև նոր համագործակցության հնարավորության մասին`Թուրքիայում Տիեզերական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն ստեղծելու նախագծի շրջանակներում: