Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորանքներ է հղել ԱՊՀ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին, այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի կապակցությամբ», ասված է հաղորդագրության մեջ:
Շնորհավորանքներում Պուտինը համոզմունք է հայտնել, որ «դաժան պատերազմի տարիներին ամրացած եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները եղել և մնում են անսասան հիմք մեր երկրների ու ժողովուրդների միջև կառուցողական և բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար»: