Հրադադարի հայտարարության ստորագրումից հետո այսօր առաջին անգամ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել Արցախում՝ դիրքերում։ Պաշտպանության բանակից հաղորդում են, որ վիրավորված 21-ամյա Վարդան Կիրակոսյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ եւ վիրահատվել: Նրա վիճակը կայուն ծանր է:
Եղել է թիրախային կրակոց,- տեղի ունեցածը մեկնաբանել է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը եւ նշել, որ մինչ այս օդ կրակելու դեպքեր եղել են, սակայն ոչ դիրքերի ուղղությամբ։
Արցախում նախօրեին զինվոր է մահացել։ Պաշտպանության բանակից հայտնել են, որ նախնական տվյալով՝ սիրտ-թոքային անբավարարվածության հետեւանքով մահացել է 18-ամյա Ռադիկ Թաթոսյանը: Ըստ քննչական կոմիտեի՝ զինվորը հոսպիտալում էր «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը պատասխանել է Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածին։
«Պնդումը, թե Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջանները վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է դիվանագետը՝ Հայաստանի վարչապետի հոդվածի վերաբերյալ իր մեկնաբանությունում։
«Ռուսական առաջարկների տակ, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին տարբերակը կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Այս ծրագրի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են ԼՂ հիմնական սկզբունքները, ներառյալ առաջին փուլում Ադրբեջանին հինգ, իսկ երկրորդում` երկու տարածաշրջանները վերադարձնելը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսվում էին որպես վերջնական նպատակ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում՝ նշանակված ժամկետում, կողմերի կողմից համաձայնեցված, ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովրդական քվեարկության ճանապարհով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտումը եւ կունենա իրավական պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան։
Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվել է քննարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձը։
Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիարժեք համաձայնության հասնել չէր հաջողվում, բայց գլխավորն այն է, որ բանակցությունները անցկացվում էին պարբերաբար: Մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ»,– ասել է Պոպովը։
Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաեւ Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում որոնումների արդյունքում հայտնաբերվել է եւս 7 զինծառայողի աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով՝ հայտնաբերված զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 1229 է:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան առաջադրել որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու: Խմբակցությունում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ջհանգիրյանն ասել է, որ քանի որ պահանջվում էր ձայների 3/5-րդը, եւ փոքր խմբակցությունների առաջադրումը երաշխիք չէր, ինքը համաձայնել է, որ իրեն առաջադրի «Իմ քայլը»։
65-ամյա Ջհանգիրյանն ասել է, թե իր ապագա պաշտոնը տարիքային սահմանափակում չունի, մինչդեռ որոշ իրավաբաններ պնդում են, որ ԲԴԽ անդամ կարող է ընտրվել 63 տարեկանը չլրացած անձը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել եւ քննարկել Սյունիքի մարզի սահմանային միջավայրի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակը և անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Փաշինյանն ասել է, որ հայտնի իրադարձությունների բերումով Սյունիքի սահմանային միջավայրն էական փոփոխություններ է կրել, և պետք է քննարկել այն միջոցառումները, որ իրականացվում են Սյունիքի հատվածում երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Կորոնավիրուսով վարակված և տնային պայմաններում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Նախագահական նստավայրից հայտնել են, որ հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:
Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 163 հազարից: Մահացել է 18 մարդ, վարակվածներից 8-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3666 է։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ հարցազրույցում ցավով նշել է, որ Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ, որոնց բաց չեն թողնում իրենց ընտանիքներ։ Հենրիխի խոսքով՝ Արցախում 30 տարի շարունակվող պատերազմը շատ երկրներ անտեսում են: «Շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանն աջակցության համար, բոլորին, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը», ասել է Հենրիխ Մխիթարյանը եւ շեշտել, որ Հայաստանին՝ «Ռոմայի» հումանիտար օգնության մասին երբեք չի մոռանա:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.45 դրամով ու կազմել 526.89 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.29 դրամով ու հասել 642.33 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 721.26 դրամ (աճել է 6.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.14 դրամ (աճել է 0.05 դրամով):
Հունվարի 14-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում ձյան տեսքով, նախալեռներում եւ հովիտներում՝ թաց ձյան: Եղանակը կշարունակի տաքանալ Արարատյան հարթավայրում եւ նրա նախալեռներում:
Երեւանում վաղը երեկոյան սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +5+7:
News.am