Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարներից մեկի՝ Ամիր Ալի Հաջիզադեի խոսքով՝ Իրանում աշնան սկսված բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 300 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաջիզադեն նաեւ հայտարարել է, որ զոհերից շատերը շարքային իրանցիներ են, որոնք չեն մասնակցել ցույցերին. հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Իրանի ռազմական առաջնորդին։
Իրանում Մարդու իրավունքների պաշտպանները հայտնում են, որ իրենց տեղեկություններով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է 451 ցուցարար և անվտանգության 60 աշխատակից։ Ձերբակալվել է ավելի քան 18 հազար մարդ։
Նշենք, որ Իրանում ցույցերն սկսվեցին Մահսա Ամինիի մահից հետո։ Մահսան սեպտեմբերին Թեհրանի մետրոյի կայարանի մոտ ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ հիջաբը սխալ կրելու համար: Ձերբակալվելուց հետո նա մահացել էր։