Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին կիրակի ժամանել է Մոսկվա, որտեղ իր գործընկերոջ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կքննարկի զենքի մատակարարումները և Աֆղանստանում իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա կարծիքով՝ «Աֆղանստանում տեղի ունեցող փոփոխություններն ազդեցություն ունեն տարածաշրջանի երկրների վրա, այդ թվում Իրանի և Ռուսաստանի՝ նրա հարավային հարևաններով հանդերձ»: Նա նշել է, որ «իրանական կողմը Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցում է բազմաթիվ ոլորտներում, և այդ փոխազդեցությունը վերջին տարիներին ընդլայնվել է»:
Բացի այդ, Բաղերիի խոսքով, «Թեհրանը Մոսկվայի հետ զենքի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություններ ունի [ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի] էմբարգոյի գործողության ավարտից հետո»: «Մենք այս մասին կխոսենք ռուսական կողմի հետ», – հավելել է նա: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը նշել է, որ «կքննարկվի նաև ռազմական ոլորտում համագործակցությունը, ներառյալ ուսուցման, ռազմական մրցումների անցկացման, փորձի փոխանակման, Սիրիայի անվտանգությունն ապահովելու համար շարունակվող փոխգործակցության հարցերը»: