Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը, խոսելով Աֆղանստանից վերջին միգրացիայի ալիքի մասին, ասել է, որ Թուրքիան աֆղանցիների համար «ավելի հարմար տեղ է», քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան:
«Մենք չենք կարող լուծել Աֆղանստանի խնդիրները՝ մեծ թվով մարդկանց տեղափոխելով Գերմանիա և Ավստրիա, ինչպես 2015 թ.։ Մենք պետք է իրավիճակը բարելավենք տեղում: Եթե մարդիկ ստիպված են փախչել, ես համարում եմ, որ հարևան երկրները՝ Թուրքիան կամ Աֆղանստանի անվտանգ տարածքները, հաստատ ավելի հարմար վայրեր են, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան: Ես չէի ցանկանա այս հիվանդ գաղափարախոսությունը ներմուծել Եվրոպա: Փառք Աստծո, ոմանք լավ են ինտեգրվում, բայց կան նաև նրանք, ովքեր այդ գաղափարները բերում են Եվրոպա: Եվրոպայում վերջին տարիներին այս միգրացիոն հոսքերի միջոցով մենք հանդիպեցինք հակասեմականության, որը ներթափանցել էր մեր երկրներ: Մեզ մոտ եկողների մեջ ակնհայտորեն կան հոմոֆոբներ, և նրանք, ովքեր չեն պաշտպանում կանանց իրավունքները»,- նշել է Կուրցը։
Ավստրիայի վարչապետի մեկնաբանությունները հնչել են Եվրամիության՝ Աֆղանստանին և նրա հարևաններին ֆինանսական օգնության նոր փաթեթ տրամադրելու որոշման քննարկման ֆոնին, որով նախատեսվում է սահմանափակել փախստականների հոսքը այդ երկրից:
Հրապարակումը նշում է նաև, որ անցյալ շաբաթ ԵՄ երկու պաշտոնյա Reuters-ին հայտնել են, որ նախապատրաստական փուլում գտնվող ծրագիրը կներառի լրացուցիչ ֆինանսական օգնություն Աֆղանստանին, Պակիստանին և տարածաշրջանի երկրներին: Նպատակը` օգնել փախստականներին՝ մոտ լինել իրենց տներին, և խուսափել ապաստան հայցողների նոր հոսքից դեպի ԵՄ: