Թուրք գիտնականների և հնագետների մի խումբ հայտնաբերել է հույն հեթանոսական աստվածուհի Աֆրոդիտեի՝ 2500 տարի առաջ կառուցված տաճարի ավերակները Թուրքիայի արևմուտքում:
Իզմիր նահանգում հայտնաբերվել են նախապատմական դարաշրջանի 35 բնակավայրեր, այդ թվում ուշ նեոլիթի դարաշրջանի 16 բնակավայր: Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը:
Պեղումները ղեկավարած հնագետ Էլիֆ Կոպարալը գտածոն համարում է այդ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական լայն կառուցվածքի վկայություն:
«Մակերեսը ուսումնասիրելիս մենք հայտնաբերեցինք Աֆրոդիտեի տաճարը, որը կառուցվել է մ.թ.ա. VI դարում: Այդ ժամանակ Աֆրոդիտեի պաշտամունքը լայն տարածում ուներ: Սա զարմանալի և տպավորիչ գտածո է», – ընդգծել է Կոպարալը:
Նա հավելել է, որ հնագետների այցը տարածք պատահական չէր. դեռևս 2016-ին հայտնաբերվել էին այս տաճարի հետքերը: