1920 թվականին կնքված ՌՍՖՍՀ-ի եւ Էստոնիայի միջեւ Տարտուի խաղաղ պայմանագիրը գործում է, իսկ դա նշանակում է, որ Նարվա գետի եւ Պերոնսկի շրջանի մի մասը պատկանում է հանրապետությանը: Այդ մասին հայտարարել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեն Փիլուասը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Իր ամանորյա ուղերձում նա հիշեցրել է, որ փետրվարի 2-ին նշվում է համաձայնագրի հարյուրամյակը, որի շրջանակում Ռուսաստանը ճանաչել է Էստոնիայի անկախությունը եւ հստակեցրել Էստոնիայի հետ սահմանները: «Այդ ժամանակ համաձայնեցվել էր Էստոնիայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանը՝ համաձայն միջազգային իրավունքի, որը գործում է առ այսօր»,-ընդգծել է Փիլուասը:
Մինչդեռ Մոսկվան ճանաչում է Տարտուի պայմանագիրը միայն որպես պատմական փաստաթուղթ եւ չի համարում, որ այն գործում է: Բանն այն է, որ ավելի ուշ, երբ Էստոնիան ներգրավվել է ԽՍՀՄ կազմում, տարածքն անցել է ՌՍՖՍՀ-ին: Այդկերպ Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը կարելի է գնահատել՝ որպես Ռուսաստանին ներկայացված տարածքային պահանջ:
Ռուսաստանի եւ Էստոնիայի միջեւ սահմանների մասին բանակցությունները երկար տարիների ընթացքում շարունակվում են: 2005 թվականին կողմերը ստորագրել են սահմանների մասին առաջին պայմանագիրը, սակայն այն վավերացնելու ժամանակ Էստոնիան դրանում հիշատակել էր Տարտուի պայմանագիրը, որից հետո Մոսկվան հետ էր կանչել ստորագրությունը: 2014 թվականին կողմերը նոր համաձայնագիր էին ստորագրել, որը չի վավերացվել առ այսօր:
2020 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրի տարածքների օտարմանն ուղղված գործողությունները պատժելու մասին օրենք: Նա նաեւ հաստատել է մինչեւ 500 հազար ռուբլու չափով տուգանք այդպիսի գործողությունների դրդելու հրապարակային կոչերի համար: