«Մոբայլ Սենթր» ընկերությունը հայտնվել էր խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին հորիզոնականում, որովհետև ավելացված արժեքի հարկով մուտքեր ունի, բայց ԱԱՀ-ն պետական բյուջեից վերադարձվող կամ հաշվանցվող հարկատեսակ է. այսինքն իրենք ներմուծումն անում են, ԱԱՀ-ն վճարում են։ Հետո երբ վաճառում են մեկ այլ սուբյեկտի, որն արտահանումն է անում, ստացվում է, որ մարդիկ մեկ սուբյեկտի վիճակագրությունն են տեսնում։ Բայց ամբողջ շղթան տեսնելու դեպքում նա այդ ցուցակում չէր հրապարակվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ դա ՊԵԿ-ի մեղքն է, Բադասյանը պատասխանեց.
«Մեր մեղքն այնքանով է, որ այն մեթոդաբանությունը, որ մենք հրապարակում ենք, չենք փոփոխում: Բայց փոփոխելու դեպքում էլ, մեկ է, այդպիսի տարընկալումներ լինելու են: Դրա համար հատուկ նշել ենք, որ եթե այդպիսի իրավիճակներ են լինում, դիմեք, մենք պարզաբանում կտանք»,-ասաց պաշտոնյան՝ հավելելով, որ «Մոբայլ Սենթրը» իր վճարած հարկերով որևէ կերպ համադրելի չէ, օրինակ, ԶՊՄԿ-ի կամ այլ խոշոր ընկերությունների հետ:
Հարցին՝ «Մոբայլ Սենթրը» խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել զուտ վերարտահանումների շնորհի՞վ, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ինքը ունի թե ներմուծումներ Հայաստանի շուկայի համար, թե վերարտահանումներ»:
Հիշեցնենք, որ «Մոբայլ Սենթր» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում հայտնվել էր խոշոր հարկատունրի ցանկի առաջին տեղում, իսկ կիսամյակի տվյալներով երկրորդ տեղում է: