ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ ԿԲ-ն հաղորդագրություն է տարածել: «Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.
• Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից մինչև 30.07.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական` այդ թվում վաղաժամկետ մարումներ և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել տարեկան տոկոսադրույքի վերահաշվարկ՝ պայմանավորված Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում տարին 365 օրվա փոխարեն 360 օր ընդունելու փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։
• Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր1 առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել վերահաշվարկ` պայմանավորված Ընկերության ընդհանուր ծախսի չնվազեցման փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։
Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։ Վերը նշված անհամապատասխանությունների արդյունքում Ընկերությունը խախտել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջները, ինչի համար ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ կիրառվել է 500.000 ՀՀ դրամ չափով տուգանք և տրվել են համապատասխան հանձնարարականներ: