Դոլարի արժևորման և դրամի արժեզրկման բազմաթիվ գործոններ են ձևավորված և խորանում են, մասնավորապես, անկում ունի տնտեսական ակտիվության ցուցանիշը, շարունակում է կրճատվել արտահանումը, ընդհանուր նաև տրանսֆերներ են նվազել և, որ ամենակարևորն է, մեր երկրից կապիտալի արտահոսք է նկատվել, այսինքն, օտարերկրյա ուղղակի ներդրումների բացասական ներհոսք գրանցվեց նախորդ տարի, ինչը նախորդ տասնամյակում չէր եղել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ «Այսինքն, 2020–ին ներդրումների արտահոսք է եղել, ընդ որում՝ ոչ քիչ ծավալներով՝ 7 մլրդ դրամից ավելի օտարերկրյա զուտ ներդրումներ են գնացել երկրից։ Միաժամանակ, մարդիկ տեսնում են, որ դրամն արժեզրկվում է և իրենց խնայողությունները գերադասում են պահել արտարժույթով ինչը ավելի է խորացնում ճգնաժամը»։
Նա նշեց, որ Կենտրոնական բանկը պարբերաբար փորձում է կարճաժամկետ միջամտութուններ անել, այսինքն, կամ դոլար է վաճառում ռեզերվներից, ինչն, ի դեպ, պետական ծախս է և, երբ ռեզերվները վաճառվում են և փոքրանում է պետական ռեզերվը, ինչը էապես երկարաժամկետ ռիսկեր է առաջացնում մեր երկրի վճարունակության և արժութային շուկայի կայունության առումով։
«ԿԲ-ն նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքն է բարձրացնում, սակայն սա էլ անվերջ չեն կարող կիրառել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, երբ բարձարնում է՝ փողը թանկանում է։ Առանց այն էլ տնտեսական այս պայմաններում փոխատվական կապիտալի, վարկային ռեսուրսի մեջ պահանջարկ կա, երբ փողը թանկանում է, ապա դա խոչընդոտում է տնտեսական ակտիվությունը։ Ստացվում է, որ մենք մտնում ենք բացասական ցիկլի մեջ, երբ ազգային արժույթը արժևորելու կամ անկումը կանգնեցնելու համար ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը բերում է տնտեսական ակտիվության նվազման, իսկ տնտեսական ակտիվության նվազումը բացասական հետևանք է թողնում ազգային արժույթի վրա։ Կարճ ասած՝ տնտեսությունը օր-օրի հյուծվում է, իսկ տնտեսության դեմքը ազգային արժույթն է, որի արժեզրկումը հետևանք է այն երևույթների բացասական, որոնք ունեն կայուն բնույթ և մեր տնտեսությունը տանում են անկման։ Կարճ ասած՝ ԿԲ միջամտությունները ունենալու են կարճաժամկետ էֆեկտ, ԿԲ-ն որքան էլ կիրառի իր գործիքակազմը չի կարողանալու խնդիրը լուծել։ Արդյունքում, հենց կիրառված գործիքների էֆեկտը անցնում է՝ միանգամից նորից ունենալու ենք ազգային արժույթի արժեզրկում, հիմա՝ մինչև ընտրությունները, բնականաբար, ինտենսիվ կկիրառեն այդ գործիքակազմը, կփորձեն որոշակի կայունություն բերել՝ ի հաշիվ մեր բոլորի ռեսուրսների, որովհետև այդ ինտերվենցիաները, որ անում են՝ պետության ռեզերվներն են։ Ես կանխատեսում եմ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ընտրություններ ևս մեկ անգամ կբարձրացնեն՝ դա էլ է մեր բոլորիս հաշվին։ Եվ վերջում՝ ընտրություններից հետո պետք է սպասել դրամի արժեզրկման ավելի խորը ալիքի, որովհետև կարճաժամկետ գործիքներով հնարավոր չէ խորքային և երկարաժամկետ խնդիրներ լուծել։ Արդյունքում, անկախ նրանից, թե քաղաքական պրոցեսները ինչպես կհանգուցալուծվեն, մենք ականատեսը կլինենք դրա հաջորդիվ փուլում բարձր տատանումների և անկայունության նոր փուլի»։
Yerkir.am