ՀՀ ժողովրդական արտիստուհի Վիոլետա Գևորգյանը ծնվել է 1944 թվականին, Թբիլիսիում։
1966 թվականին հաստատվել է Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։
1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ։
Դերասանուհին 1991թվականին որդու հետ տեղափոխվել և բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռ որդուն։
Վերջին տասնամյակներում Վիոլետա Գևորգյանը մշակութային տարբեր նախաձեռնություններով գալիս էր Երևան։ Նա խաղացել է վերաբեմադրված «Աշնան արև» ներկայացման մեջ։
ԱՄՆ-ից հայտնում են, որ Վիոլետա Գևորգյանը հունիսի 19-ին ԱՄՆ-ում կնքել է մահկանացուն։
Նշենք, որ Վիոլետա Գևորգյանը ներգրավված է եղել Թեքեյան մշակութային միության ստեղծած «Թեքեյան» թատրեախմբում և հյուրախաղերով հանդես եկել տարբեր բեմերում։
1980 թվականին Արտաշես Հովհաննիսյանը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի հիման վրա բեմադրել է «Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը» պիեսը, որտեղ Վիոլետա Գևորգյանը մարմնավորել է Աղունին։ Այդ դերի համար նա ստացել է պետական մրցանակ։
Բեմադրությունից 24 տարի անց՝ 2004 թվականին, երբ «Թեքեյան» թատերախմբի հետ Վիոլետա Գևորգյանը եկել էր Հայաստան, Արտաշես Հովհաննիսյանը, որը այդքան ժամանակ պահելիս է եղել ներկայացման դեկորացիաները՝ հուսալով, որ Վիոլետա Գևորգյանը մի օր կգա Երևան ու կխաղաղ Աղունի դերում, «Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը» վերաբեմադրել է։ Բեմադրող ռեժիսորի երազանքն իրականացավ. 24 տարի անց, երևանյան բեմում Վիոլետա Գևորգյանը նորից խաղաց Աղուն։