Azg.am-ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։
-Պարո՛ն Ծատուրյան, երեկ ԱԺ-ում «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը նշեց, որ շատ հաճախ ժողովրդականությունը կամ վաստակավոր լինելը որևէ կերպ կապ չի ունենում այն անձի հետ, ում ժողովրդականի կոչում են տալիս։ Այդ համատեքստում, ի թիվս այլ անունների, փոխնախարարը հնչեցրեց նաև Ձեր անուն-ազգանունը՝ նշելով, որ շատերը նույնիսկ չեն ճանաչում Ձեզ։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։
-Գիտեմ, գիտեմ, որ իմ անունն էլ է հնչել։ Որերորդ մարդն եք այսօր, որ զանգում եք։ Ղալաթ են արել, ղալաթ են արել։ Չեն ճանաչում, որովհետև անգարգետ են, որովհետև թատրոն չեն գնում, թանգարան չեն գնում։ Եթե էսօր մենք պարտվել ենք, պատճառն այ էդ անգրագիտությունն ա իրանց։ Ուրիշ բան չունեմ ասելու։
-Պարո՛ն Ծատուրյան, իսկ կոչումները, Ձեր կարծիքով, առհասարակ պե՞տք են։ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ պատվավոր կոչումների շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:
-Վե՛րջ, վե՛րջ, էս էր իմ ասածը։ Ուրեմն երևի հասկացաք՝ ինչ եմ ասում։ Էդ ոչ մի նշանակություն չունի՝ կոչումները պետք են, պետք չեն։ Ամբողջ խնդիրն էն ա, որ իրենք չեն ճանաչում իրենց արվեստագետներին՝ թատրոն չեն գնում, թանգարան չեն գնում։
-Իրենք ո՞վ, պարո՛ն Ծատուրյան։ Ժողովո՞ւրդը, թե իշխանությունը չի ճանաչում։
-Իշխանությունները և ժողովուրդը։ Մենք անգրագետ ազգ ենք, դրա համար էլ պարտվել ենք։ Էս ա իմ ասածը։
-Իսկ եթե իշխանություններից առաջարկ լիներ՝ կհրաժարվեի՞ք Ձեր կոչումից։
-Իրանք չեն տվել, որ իրանք վերցնեն, ժողովուրդն ա տվել։ Էդ 35 տարեկան հիմար աղջիկը, երբ որ ես կոչումը ստացել եմ, մինուս 20 տարեկան էր, նենց որ թող տեղը վեր ընկնի, վե՛րջ։
Հ.Գ. Մեր մի քանի հարցեր այդպես էլ անպատասխան մնացին, որովհետև Նիկոլայ Ծատուրյանը զրույցի հենց սկզբից ակնհայտ ջղագրգիռ վիճակում էր։ Մի քանի հարցի պատասխանելուց հետո՝ չսպասելով մյուսներին՝ նա արագ անջատեց հեռախոսը՝ մանավանդ որ կողքից կանացի մի ձայն Ծատուրյանին հորդորում էր դնել խոսափողը։