Տարածվեց մի տեղեկություն, մի լեղի փաստ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանական մակարդակով ևս մեկ անգամ ստորադասվում է ամենայն հայկականը։ Խոսքս, բնականաբար, վերջին օրերի երկու սուր դեպքերի մասին է։ Նախ՝ տարածվեց Լեզվի կոմիտեի հաղորդումն այն մասին, որ պարեկային ծառայության ավտոմեքենաների և համազգեստների վրա գերակայում է օտար լեզուն. («… Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից…»)։ Անմիջապես հետո վրա հասավ այս իշխանության տարիներ առաջ արված դժոխային սերմնացանի բերքահավաքի լուրը. դիմորդների զգալի մասն անգամ չէր կարողացել հաղլահարել «հայոց լեզվի» անցողիկ շեմը, մնացածն էլ հնարավոր 20 բալից հավաքել էին 10-12 տոկոս։ Դե, եթե մեր լեզուն մեր իսկ պետության թեթև կամքով արհամարհվում է ու մերժվում, ապա չեմ էլ զարմանա, եթե մի տգեղ օր էլ (մոտ ապագայում և սրանց իշխանության օրոք) պետական լեզու հռչակվի անգլերենը, կամ ֆրանսերենը։
Ուսանողը պետք է ընտրի, թե ինքը հայերենից հանձնի քննություն թե՝ ոչ։ Սա մանկամտությամբ քողարկված ստորություն է հենց մեր հանդեպ։ Ուսանողն իր հեշտին ձգտող կամքով կգնա ու կնտրի իր ուզածը՝ մերժելով բարդընկալելի հայոց լեզուն։ Պարսկական, արաբական, թուրանական և էլ ինչական ասես խոշտանգումներից փրկվեց և հիմա ստորադասվում է առաջին հայացքից հայ թվացողի ձեռքով։ Յոթ և ավել միլիարդից խոսում է այս լեզվով երևի թե հինգից վեց միլիոնը. «քիչ մը շովին ըլլայինք»։
Վերջիվերջո լակոտական այս դասակը նույնիսկ չի կարողանում մտածել հայերեն, ուր մնաց թե գրի այդ լեզվով։ Այնպես չէ, որ պարտադիր հանգամանք է Ջահուկյանի տեսությունը կարդալը կամ Աբեղյանի, Աճառյանի աշխատությունների խորագետը լինելը, բայց մի՞թե անտեսում… բառի բուն և տարողունակ իմատով։ Եթե քիչ թե շատ հարգեին այս լեզուն, ապա չէին ասի «խոսքը գնում է», «որը որ», «որոշները», ընդգծված ռ-ի, սլավոնական շեշտի ու անգլոամերիկյան ոճընտություններն էլ չասած։
Անտանելի է, երբ տեսնում ես քո մասնագիտության, քո տարերքի ու քո զբաղմունքի վախճանը։ Այդպես եղավ, երբ լարախաղացները «վերացան»։ Բանասերն այս երկրում, այս իշխանության օրոք պարզապես մի Դոն Կիխոտ է։
Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ