«Թերլեմեզյան» ցուցասրահն արվեստասերներին հրավիրում է Արթուր Դուրգարյանի (Durgo) «Մետամորֆոզ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա մայիսի 5-ին՝ ժամը 18։00։
Ցուցահանդեսը փորձ է՝ ներկայացնելու արվեստագետի ստեղծագործական ուղին՝ ընդգրկելով վերջին 35 տարիների աշխատանքները, սկսած ուսանողական շրջանի գրաֆիկական էջերից ու ձեռագրի որոնումներից մինչ այսօրվա ինքնուրույն գեղարվեստական մտածողությամբ աչքի ընկնող գրաֆիկական շարքեր։ Արվեստագետը, փորձարկելով տարբեր մեդիաներ, իր ձևամտածողությամբ մնացել է հավատարիմ գրաֆիկական լեզվին. դետալների հանդեպ նրբանկատ մոտեցումը, գծի կուլտուրան, կոնտրաստային կոմպոզիցիոն լուծումներն ու գծային սահուն անցումները ձևավորում են պլաստիկական արտահայտչականությամբ հագեցած պատկերներ՝ գրքային, ունիկալ գրաֆիկաներ, խառը տեխնիկայով կատարված շարքեր և այլն։
Ներկայացված աշխատանքներն արձագանք են ժամանակին՝ արտահայտելով հեղինակի մտորումները ժամանակի արագընթաց ռիթմի, մարդու և միջավայրի փոխակերպումների, մտքերի ու հույզերի «կոտորակումների» մասին, որոնք հուզական կերպով մարմնավորվում են գեղարվեստական հորինվածքներում։ Թեմատիկ ընտրություններում հստակ զգացվում է արվեստագետի էությունը, ինտելեկտն ու զգայունությունը՝ համամարդկային հարցերի, դրանց զգայական շերտերի հանդեպ։ Հատկապես վաղ շրջանի գործերում աչքի են ընկնում դասական գրականության, երաժշտության և կերպարվեստի մոտիվները, որոնք ժամանակի ընթացքում «գունավորվում» են ավելի հուզական մեկնաբանությամբ՝ կորցնելով իրենց սկզբնական ճանաչելի ձևերը։
Մարդու, շրջապատող իրականության փոխակերպումներն արվեստագետը դիտարկում է ոչ միայն որպես հետազոտության թեմա, այլև որպես իր ձեռագրի ներսում տեղի ունեցող ձևափոխությունների ռիթմ՝ ինքնության ձևավորման նոր հայեցակետ։
Թեև ցուցադրության նպատակն է ներկայացնել ստեղծագործական բազմակողմանիությունն ու ընթացքը, սակայն առանցքային տեղ են զբաղեցնում վերջին հնգամյակում ստեղծված աշխատանքները։ Դրանք խտացած արտացոլում են վերջին տարիների աշխարհաքաղաքական իրադարձությունների անդրադարձը հեղինակի աշխարհընկալման վրա՝ համադրելով երազայինն ու ռեալականը՝ երբեմն ֆանտաստիկ, երբեմն՝ ռոմանտիկ-դրամատիկ մեկնաբանությամբ։ Սա հեղինակի առաջարկած դիտանկյունն է՝ ձևի և բովանդակության ամփոփումը, ուր գիծը վերածվում է կերպարի, իսկ գույնը՝ ներքին լարվածության պայմանական տարածքների։
Առանձնահատուկ ուզում ենք շեշտել Դուրգարյանի արվեստին բնորոշ արտիստիզմը, որը հորինվածքներում դրամատիկ հնչեղություն է ստանում՝ շնորհիվ կերպարների որոշակի գրոտեսկայնության կամ աբսուրդի հասնող իրավիճակների։ Իսկ գունագծային էքսպրեսիվ ռիթմերը սրում են դինամիկ ընթացքն ու անհանգիստ, քաոսային միջավայրի միստիկ տրամադրությունը։
Այդպիսով, արվեստագետի ստեղծագործական ուղին հագեցած է խորը, տարբեր հոգեբանական շերտեր բացահայտող արվեստի փորձերով, որոնցից յուրաքանչյուրն ինքնօրինակ երկխոսություն է հեղինակի ու աշխարհի միջև։
Ելենա Մովսեսյան, արվեստաբան





