Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը, որի նպատակն է ազգային հագուստի, մշակույթի, ավանդույթների զարգացումն ու ցուցադրումը թե´ մայրաքաղաքի հյուրերին, թե´ Հայաստանի բնակիչներին:
Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։
Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը։
Ընթացքում կանցկացվեն ազգային խաղեր, ուսուցողակրթական ժամանցային ծրագրեր, ցերեկային ցուցադրություններ՝ ներկայացնելով երիտասարդ դիզայներների հավաքածուները։ Փառատոնի երկրորդ մասում կլինի ազգային հագուստի ցուցադրություն՝ ժամանակակից ներկայացմամբ։
Կցուցադրվեն «Տերյան մշակութային կենտրոն»-ի, տեղացի և միջազգային դիզայներների տարազային և հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող հագուստների անհատական հավաքածուները։
Փառատոնի ընթացքում բարձր տրամադրությունն ու երաժշտական ծրագիրը կապահովեն հայկական ավանդական երգի-պարի համույթները, ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին: