Սերգեյ Փարաջանովի կինեմատոգրաֆիական ժառանգությունն իր ազդեցությունն է թողել ոչ միայն համաշխարհային հեղինակավոր ռեժիսորների վրա, այլ նաև՝ փոփ մշակույթի առաջատար կերպարների։
2020 թվականին Լեդի Գագայի «911» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն էր Թարսեմ Սինհը, մեծ արձագանք գտավ արվեստասեր հանրության շրջանում։ Տեսահոլովակը բացահայտորեն ոգեշնչված էր Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի գեղագիտությամբ՝ սյուրռեալիստական պատկերներով, խորհրդանշական կոմպոզիցիաներով և երազային մթնոլորտով, ինչպես նաև պարունակում էր ֆիլմի տարբեր տեսարաններից ոգեշնչված մի շարք հղումներ։
Սակայն Լեդի Գագայից առաջ՝ դեռևս 1995 թվականին, մեկ այլ փոփ լեգենդ՝ Մադոննան, անդրադարձել էր Փարաջանովի արվեստին։ Նրա «Bedtime Story» երգի տեսահոլովակում ընդգրկված են մի շարք տեսարաններ, որոնք ակնհայտորեն հիշեցնում են «Նռան գույնը» ֆիլմը։ Օրինակ՝ տեսարանը, որտեղ փոքրիկ երեխան պառկում է պենտագրամի վրա, և մեծահասակը ծածկում է նրան վերմակով։ Կամ խաղողի ողկույզներ ոտքերով ճզմելու տեսարանը՝ մակագրություն ունեցող սալիկի վրա։
Բացի ուղղակի վիզուալ հղումներից, տեսահոլովակը հագեցած է երազային պատկերներով, սյուրռեալիստական մթնոլորտով և խորհրդանշաններով, որոնք հղում են կատարում Փարաջանովի գեղարվեստական լեզվին։
Փարաջանովի սինթեզած կերպարային և վիզուալ լեզուն շարունակվում է ապրել նոր դարաշրջանի մշակույթում՝ ոգեշնչելով արվեստի ամենատարբեր ոլորտներում ստեղծագործողներին։
Սերգեյ Փարաջանովի թանգարան