Ասեմ միանգամից՝ արեւի մարդկանց մասին ներկայացումը հաջողված էր՝ դինամիկ, առանց սրտմաշուկ պաթոսի ու հույզերի:
Պարոնյանի բեմում արցախյան գյուղի կոլորիտն էր, վարքն ու բարքը, կենցաղը, մարդկային հարաբերությունները, բայց, ցավոք, ոչ բարբառը: Հասկանալի է՝ թատրոնի լեզուն գրական հայերենն է, բայց հերոսներից մեկին, հաստա՛տ, արժե՛ր «խոսեցնել» օտարին մնացած հայրենիքի բառուբանով՝ հատկապես, որ այն երեւանյան ժարգոնին կուլ է գնում ամեն օր ու ժամ:
Դեռ չասած, որ դերասաններից առնվազն երկուսը դա կրողն էին: Պարոնյանականները տեղ-տեղ փորձում էին բարբառային երանգ տալ խոսքին, բայց դա ընդգծում էր շեշտադրության արհեստականությունն ու բարբառակիր չլինելը:
Ներկայացման երկու դրվագ արցունք կորզեց: Վերջինի ժամանակ հեկեկում էի: Մոնթեի մասին կտորն էր, ինչը, ըստ իս, պետք է լիներ բեմադրության վերջին տեսարանը: Ռեժիսորի ընտրած «վարագույրը» ՝ «տատիկ-պապիկի» ֆոնին լուսանկարվելը, տպավորիչ չէր:
Պիեսի ժամանակ նաեւ մենախոսել եմ դերասանների հետ: Քաղաք՝ փեսայի տուն գնացող ամուսիններին մրմնջալով խնդրում էի՝ մի՜ գնացեք, գյուղը մի՜ լքեք: Ուրախությանս չափ չկար, երբ հողեղեն, հողոտ մարդիկ, փեսայի տված հացին չմնալով, վերադարձան, ու չմարեց օջախի ծուխը: (Սա նշանակում է՝ տեսարանը հաջողված էր՝ չափից շատ:)
Ի դեպ, ծխի մասին: Դահլիճով մեկ խնկաբույր տարածելու փոխարեն (եթե, իհարկե, այն հատուկ նպատակ չուներ) կարելի էր վառարանից այլ ձեւով ծուխ «դուրս բերել»:
Անհասկանալի էր եւ ոչ ակնահաճո բեմի վերնամասում կախված-մնացած, գնացող-եկող աթոռ-նստարանները: Թվում էր՝ ամեն պահի կարող են ընկնել դերասանների գլխին: Կարծում եմ՝ դրանք բեմից տանլու բազմաթիվ այլ լուծումներ կան, հատկապես, երբ Պարոնյանի բեմը պտտվելու «հատկություն» ունի: Ներկայացման հեղինակը միանգամից շա՜տ բեռ էր դրել դերասանների ուսերին: Տպավորություն էր՝ նրանք նաեւ ռեկվիզիտի համար են պատասխանատու: Տարբեր տեսարաններ ստանալու համար բավարար էր մեկ-երկու դեկոր ավելի պատրաստել, դրանք դնել բեմի հակառակ մասում, եւ, կրկնում եմ, պտտել բեմը:
Եթե ռեժիսորը՝ աթոռ, սեղան, սփռոց այսուայնկողմ տանող դերասաններով ցանկանում էր ընդգծել տնից-տեղից կտրվելու գաղափարը, կարծում եմ՝ իզուր: Տարբեր հերոսներ՝ «գալուստիկավոր» Տիգրանը, քաղաք գնացող ամուսինները, դա ասում էին լավագույնս:
Դերասանական կազմը, ընդհանուր առմամբ, լավ էր ընտրված, թեեւ կարելի էր որոշ փոխտեղումներ անել: Իսկ թոռնիկին գրկած պապիկի մենախոսությունն արժեր՝ լիներ կենդանի ձայնով եւ ոչ ձայնագրությամբ: Առհասարակ, ձայնագրությունները չափից շատ էին շարժ եւ կենդանի շփում ենթադրող թատրոնում:
Սեւակ Վարդումյան