Փետրվարի 14-ին Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժում՝ Ուրարտուի դահլիճում, բացվել է Էրեբունի թանգարանի անկյունը: Այնտեղ ցուցադրված են երեք հնագիտական արտեֆակտ Էրեբունի թանգարանից:
Դրանցից մեկը Երևանի ուրարտական դամբարանից գտնված աճյունասափորն է, որը ներկայացնում է ուրարտական տերության թաղման ծեսը, մյուսը Նոր Արմավիրից գտնված երկկանթ սափորն է, որը վերաբերում է ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանին և մատնանշում է Ուրարտուից դեպի Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանների ժառանգականությունը: Հատկանշական է, որ այս անկյունում առանձնահատուկ տեղ է գտել Էրեբունի-Երևանի քարե անձնագրերից մեկը համարվող սեպագիր արձանագրությունը: Կան նմանօրինակ չորս արձանագրություններ, և դրանցից մեկն այժմ ցուցադրվում է Էրմիտաժում:
Չափազանց կարևոր է ցույց տալ, որ հենց Էրեբունուց է սկսվում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը: Անկյան բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտովսկին, հայ եկեղեցու հոգևորականներ և այլ բարձրաստիճան պետական այրեր, ինչպես նաև՝ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր ելույթի բացման խոսքում Բ. Պիոտրովսկին ընդգծել է անկյան կարևորությունը և նշել, որ տեղի ունեցածը չափազանց կարևոր իրադարձություն է հայ-ռուսական մշակութային հարաբերությունների համատեքստում:
ՌԴ-ում արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը ցուցադրության բացմանը նվիրված իր խոսքում ընդգծել է ուրարտական ժառանգության կարևորությունը և անդրադարձել Էրեբունու և Ուրարտուի հզոր ժառանգությանը և նշել, որ անկյան բացումն աննախադեպ և բացառիկ երևույթ է։ Այնուհետև տեղի է ունեցել ցուցադրության հանդիսավոր բացումը, որից հետո Էրեբունի ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը հյուրերին ներկայացրել է Էրեբունու անկյունը և պատմել յուրաքանչյուր իրի մասին:
Մ. Բադալյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Մ.Պիոտրովսկուն՝ վստահության և իրեն հավատալու համար: Նշենք, որ ցուցադրության համակարգողներն են՝ Էրեբունի թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը և Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի ուրարտական հավաքածուի պահապան Աննա Նովիկովան: Ցուցադրության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վաղարշակ Հարությունյանը Մ. Պիոտրովսկուն պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով։
Էրեբունի ՊՀԱԹ-ի տնօրեն Մ. Բադալյանը պարգևատրվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մեդալով:
Նշենք, որ Էրեբունի ՊՀԱԹ-ը միակ թանգարանն է աշխարհում, որն իր անկյունն ունի այնպիսի համաշխարհային մշակութային հաստատությունում, ինչպիսին Էրմիտաժն է: Էրեբունու և Էրմիտաժի գիտաշխատողների համատեղ ջանքերով ստեղծվել է գիտահանրամատչելի և պատկերազարդ բուկլետ, որը տեղադրված է անկյան մոտ:
Յուրաքանչյուր այցելու կարող է անվճար վերցնել այդ բուկլետները: Անկյունը կպահպանվի առնվազն մեկ տարի ժամանակահատվածով։ Նշենք, որ այս տարվա երկրորդ կիսամյակում կբացվի Էրմիտաժի անկյունը Էրեբունի թանգարանում: Այդ կապակցությամբ ընթանում են անկյան հայեցակարգի ստեղծման աշխատանքները:
Բացի այդ, Էրմիտաժի տնօրեն Մ. Պիոտրովսկու և Էրեբունու թանգարանի տնօրեն Մ. Բադալյանի հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ստեղծել Կարմիր բլուրում հայ-ռուսական համատեղ հնագիտական արշավախումբ և վերականգնել երբեմնի հարուստ ավանդույթները:
Հիշեցնենք, որ Կարմիր բլուրում իրականցրած պեղումները գլխավորապես տեղի են ունեցել ականավոր հնագետ, Էրմիտաժի նախկին տնօրեն Բ. Պիոտրովսկու ջանքերով:
Նրա ծննդյան օրն էլ բացվել է ցուցադրությունը: