Հուլիսի 12-13-ից Azg.am կայք մուտք գործելը դարձել էր դժվար, իսկ կարճ ժամանակ անց՝ ուղղակի անհնար։
Մասնագետների ուսումնասիրությունները պարզեցին, որ լրատվամիջոցը ԱՄՆ-ից ենթարկվում է DDOS հարձակման։
Դրան նախորդել են Azg.am-ի նյութերի դիտումների ու հասանելիության սահմանափակումները Ֆեյսբուքում. սկզբում արգելափակվում էին քաղաքական թեմաներով հոդվածներն ու հատկապես «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի խմբագրականները, իսկ հետո արգելափակումն ու անհարկի վերահսկողությունը տարածվեց նույնիսկ քաղաքական ոչ մի տարր չպարունակող հոդվածների նկատմամբ։
Նոր հարձակումներից խուսափելու համար Azg.am-ը ստիպված է տեխնիկական միջոցների դիմել, որպեսզի կայքը ԱՄՆ-ում անհասանելի լինի։ Այնտեղից մուտք գործել կայք այլևս հնարավոր չէ, և հայտնի չէ՝ դեռ որքան է այդ անհասանելիությունը և մեր իսկ ձեռքով արված «սահմանափակումը» շարունակվելու։
Այս ծայրահեղ միջոցին ենք դիմել՝ քաջ գիտակցելով, որ ԱՄՆ-ի մեր հետևորդները զրկվում են Azg.am-ի և «Ազգ» շաբաթաթերթի նյութերը կարդալուց։
DDOS նոր հարձակումից խուսափելու այլ ելք չենք ունեցել, քան այս տարբերակը։ Քաղաքական, ազգային, կրոնական, մշակութային խտրականությունները, խոսքի, մտքի, այլ իրավունքների ազատության սահմանափակումները համացանցում հասել են այն աստիճանի, որ տասնամյակների փորձառություն ունեցող, խմբագրական ահռելի ճանապարհ անցած լրատվամիջոցը կարող է ինչ-որ մեկի կամ խմբակի քմահաճության զոհը դառնալ կամ ինչ-որ ազգայնամոլի թիրախում հայտնվել, ու մեկ վայրկյանում կորցնել տասնամյակների ստեղծածը։
Հուսով ենք՝ մեր մասնագետների հետևողական աշխատանքի արդյունքում մոտ ժամանակներս Azg.am-ն ավելի պաշտպանված կլինի, կվերականգնվի նաև ԱՄՆ-ում լրատվամիջոցի հասանելիությունը, իսկ մինչ այդ, առաջարկում ենք ԱՄՆ-ից մեզ հետևել Telegram ալիքում՝ https://t.me/azg_analytics հասցեով։