50-60 ոստիկանի շոր հագածները մխտռում են ողջ ոստիկանությունը. Տիգրան Քոչարյան

9

«Եթե ԱԱԾ-ն նույն հմնավորմամբ կալանավորեր հայտնի Ռուստամին, որն արցախցիների գլխին բայրաքթար էր իջեցնում, կամ տեսանյութի հայտնի կնոջը, որն ասուր էր՝ հայ ազգը պետք է կոտորվի, բայց Նիկոլը պետ է մնա, ապա կարելի էր մտածել, որ ԱԱԾ-ն մտածում է ատելություն տարածելու խնդրով»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ մեկնաբանելով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին 2 ամսով կալանավորելու փաստը:

Բանախոսն ասաց, որ նման հայտարարություններ անելու համար մարդկանց չձերբակալելը և Արմեն Գրիգորյանին մեկ տարի առաջ արած հայտարարության համար ձերբակալելը որոշակի շրջանակների քաղաքական պատվերն է:

«Նախադեպ է ստեղծվում, որ կենցաղային մակարդակում թույլ տված արտահայտությունների համար մարդկանց կալանավորեն»,-ասաց Քոչարյանը և հավելեց. «Բոլորիս հետևից էլ ընկած են, առիթ կգտներն՝ անկախ նրանից, թե ինչ կասենք: Իմ վրա էլ քրեական գործ են հարուցել, 1.5 ամիս փորձում էին ինչ-որ մի բան անել, հետո հասկացան, որ անիմաստ է, կարճեցին: Հիմա՝ Արմեն Գրիգորյանի դեպքում ստացվել է՝ մնացածների մասով չի ստացվում»:

Նկատելով, որ նույնիսկ մանիպուլյացվել է Արմեն Գրիգրյանի խոսքը՝ բլոգրեն բացատրեց, որ ներկայացվել է, թե իբր նա թրքացած է համարել Շիրակի և Արարատյան դաշտավայրի ամբողջ բնակչությանը, բայց պրոդյուսերը տեղ է թողել այն մարդկանց համար, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը գնա դեպի թրքացում:

«Այս իշխանություններն անցել են բոլոր հնարավոր գծերը: Մեր մոտ սրբություններ կան, որոնք անքննելի են: Մենք անդրշիրիմյան աշխարհ չէինք հայհոյում, մահացածների հետևից չենք խոսում, կանանց, երեխաներին չենք անպատվում, մեծերի խոսքը հարգում ենք: Հիմա այս իշխանությունները բոլոր հնարավոր սահմաններն անցել են: Որևէ սրբություն չկա, կարող է և երեխա ծաղրի և տարիքով մարդկանց: Պատերազմի մասնակից Ժորա պապիին կարմիր բերետավորը վիրավորանք է հասցնում հանրային վայրում և չի պատժվում: Երեկ իմ աչքի առաջ կենտրոնի ոստիկանապետը, եթե չեմ սխալվում Պապյան է անունը,  շատ ագրեսիվ պահվածքով սադրում էր Արա Վարդանյանին և Տարոն Մինասյանին, թե իբր հայհոյել են: Ցուցարարների հայհոյանքը տեսնում են, իսկ ոստիկանների հայհոյանքը իրենց աչքին չի ընկնում:

Նրանց նյարդերը տեղիք են տալիս և բանն հասել է նրան, որ լրագրողն այսօր ջուր է լցնում ընդդիմադիր պատգամավորի վրա: Պատկերացրեք, որ եթե այն լիներ Սերժ Սարգսյանի, կամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ և լրատվամիջոցը ջուր շփեր ընդդիմադիր պատգամավորի վրա՝ իրավապաշտպանները խայտառակ վայնասուն կդնեին, բայց այս դեպքում լռում են: Լռում են նաև մյուսները, որովհետև իրենց տանիքը երեկ խոսեց և ասաց, որ տեր է իրենց գործակալներին: Նման կոչով հանդես եկավ ԱՄՆ դեսպանը և ասաց՝ արխայն, ինչ ուզում եք արեք: Երեկ, երբ կարմիր բերետավորներին հետևում էի՝ տպավորություն էր, թե Շուշին են ազատագրում թուրքից:

Արծվիկ Մինասյանին անունով դիմում ու բերման են ենթարկում: Դանիել Իոնիսյանի գվարդիան՝ պարեկները, մասիվում մայթով քայլող կամ դաշտում նստած մարդկանց գնում հավաքում են, Արեգնազ Մանուկյանին քաշքշում են:

Ոստիկաններն այդքան էլ բութ չեն, 36 պատգամավորի դեմքը պետք է հիշեն: Անասունին էլ 36 նկար ցույց տաս, կսկսի տարբերել՝ մոտենալ, թե ոչ: Եթե մարդիկ իրենց նախկին ղեկավարին են քաշքշում, ուզում են բերման ենթարկել, ապա այն նշանակում է, որ եթե նախկինում ոստիկանությունում հայտնվելու համար որոշակի չափանիշների պետք է համապատասխանեցնեին, հիմա ում բռնում լցնում են:

Ես չեմ ուզում ոստիկաններին վիրավորել, բայց տպավորություն կա, որ այն կոնտինգենտը, որ լցրել են փողոց, նրանք, ոչ թե միայն պատգամավորներին, այլ նաև Երևանն են առաջին անգամ տեսել: Երեկ հաստատվեց, որ պարգևավճար են տվել, երևի մարդիկ գնացել միս էին կերել, ուժ հավաքել, մինչ այդ պեչենու վրա էին նստած: 50-60 ոստիկանի շոր հագածները մխտռում են ողջ ոստիկանությունը, հետագայում շատ բարդ կլինի վերականգնել ոստիկանության բարի համբավը»:

Աղբյուր` Panorama.am