Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

44-օրյա պետարեզմից հետո հայկական բանակը քանի՞ զորավարժություն է արել՝ զրո. այստեղից կարելի է լուրջ հետևություններ անել. Նահապետյան

Բանակի մարտունակության գնահատման մեկ չափորոշիչ կա, և դա մարտի դաշտից առաջ անցկացված զորավարժությունների քանակն է։ Իսկ 44-օրյա պետարեզմից հետո հայկական բանակը քանի՞ զորավարժություն է արել, այդ թվում՝ այլ երկրների զինված ուժերի հետ համատեղ՝ զրո։ Այստեղից կարելի է լուրջ հետևություններ անել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Բանակն ինքնին պետական ինստիտուտ է, այսինքն՝ պետական հաստատությունների կողմից է կառավարվում, և հետևաբար երկրի ղեկավարությունն է խնդիրներ դնում է բանակի առաջ ՝ պետության սահմանների անձեռնմխելիություն, տարածքային ամբողջականության պահպանում։

Թե հիմա որքանով է մեր բանակն ունակ դիմագրավելու մեր ոչ բարեկամ երկրի հարձակումը, դա առաջին հերթին ցույց է տալիս այն, թե որքան զորավարժություններ է անցկացրել մեր բանակը։ Ցավոք սրտի, դա Ադրբեջանի հետ համեմատելու չէ, այսինքն՝ քաղաքական իշխանությունը Զինված ուժերի առջև այլ խնդիրներ է դրել։

Բանակի մարտունակության բարձրացման և անձնակազմի բարոյահոգեբանական բարձր վիճակի համար պետք է զորավարժություններ անցկացվեն, պետք է ստուգվեն բանակի անձնակազմի մասնագիտական ունակությունները, մարտական ոգին, զենքի տիրապետումը»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Ըստ ռազմական փորձագետի՝ հայոց հաղթանակած բանակի մասին այսօր կարելի է միայն երազել և հիշել։

Անդրադառնալով այն տեսակետին՝ արդյոք չի հասունացել պահը, որպեսզի Զինված ուժերն ասեն իրենց վճռորոշ խոսքը և դադարեն լինել ՀՀ գործող իշխանությունների լուռ կամակատարը, Նահապետյանը նկատեց՝ Զինված ուժերն այլ խնդիր են կատարում, և դա քաղաքական ծրագիր չէ։

«Ընդդիմադիր կուսակցություններն են կեցվածք դրսևորում, բանակը մեկ խնդիր է կատարում՝ երկրի պաշտպանունակության կատարումը։ Կրկնում եմ՝ կատարման մեկ չափանիշ կա՝ բանակի մարտունակությունը, որն էլ որոշվում է մինչև մարտի դաշտ մտնելը զորավարժությունների թվաքանակով։ Եթե զորավարժություններ չեն արվում, ուրեմն նման խնդիր սկզբունքորեն կա՛մ դրված չէ, կա՛մ դրված է, և բանակն այն վատ է կատարում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։