Այս պահի դրությամբ ունենք չորս վիրավոր, նրանցից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար. հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Զինվորները տարբեր տիպի վիրավորումներ են ստացել, նրանք Երևանում չեն, եթե կարիքը լինի, նոր կտեղափոխվեն այստեղ։ Այս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում, մեր բժիշկները կապի մեջ են, ինչ օգնություն անհրաժեշտ է, տրամադրվում է։ Հիվանդանոցային համալիրը համալրված է դեղորայքով ու անհրաժեշտ բոլոր պարագաներով»,-տեղեկացրեց նախարարը՝ հավելելով, որ 4 վիրավոր զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։
Ինչպես արդեն հայտնել ենք, ադրբեջանական կողմը թիրախավորել է վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան։
Ավանեսյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Կարմիր խաչի հետ և միջազգային բոլոր հարթակները օգտագործում են շտապօգնության մեքենայի վրա կրակելու հետ կապված տեղեկացնելու, հարցը բարձրացնելու համար։