Այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նախկինում արած հայտարարությունները՝ «Քոչարյանի աջակիցներին բռնելու ենք շինենք», կամ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թող խոհանցից դուրս գա։
Լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին՝ «այս ընթացքում ո՞ւմ եք շինել»։
«Ձեր ուժը մենակ մեր վրա՞ է պատում, Ալիևին ե՞րբ եք շինելու։ Աշխարհում վերադասավորումներ են, մեր վարչապետը սոխով ձվածեղ է անում, դուք խոհանցից ե՞րբ եք դուրս գալու»,- հետաքրքրվեց լրագրողը։
Նիկոլ Փաշինյանը նախ զարմացավ և չհիշեց՝ արդյոք ինքն օգտագործել է «շինել» բառը։
«Բայց դա էլ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում, մեկնաբանության հարց է՝ ես ինչ եմ նկատի ունեցել, դուք ինչ եք նկատի ունենում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է խոհանոցից դուրս գալուն՝ Փաշինյանն ասաց, թե աշխարհի բոլոր առաջնորդները սնվում են։ Իսկ թե ինչ կարիք կա դա ցուցադրելու՝ ընտրության ու ճաշակի հարց է։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ հայտարարեց՝ եղել են օրեր և շաբաթներ, որ ինքը հաց չի կերել։
«Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին եղել է մի շաբաթ, որ, բացի ջրից, ուրիշ ոչինչ չեմ ընդունել, 2021 թվականի նոյեմբերին էլ եղել նման բան, որ ես, ի հիշատակ մեր նահատակների, մեկ շաբաթ, բացի ջրից, որևէ ուրիշ բան չեմ ընդունել»,- ասաց նա։