Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

2 տարի առաջ՝ դեկտեմբերի 12-ին, սկիզբ դրվեց Արցախի դեմ լայնածավալ ագրեսիային

2 տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 12-ին, մեկնարկեց Արցախի նկատմամբ ագրեսիայի հանգրվանային փուլը. գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանական հատուկ ծառայությունները, բնապահպան ցուցարարների անվան տակ, փակեցին Հայաստանն Արցախին կապող միջանցքը. մի գործողություն, որը հակասում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ փաստաթղթին:

Այս քայլով, ըստ էության, սկիզբ դրվեց Արցախի դեմ լայնածավալ ագրեսիային, որի եզրափակիչ փուլը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններն էին:

Այս օպերացիային նախորդել էր Պրահայի անփառունակ պայմանավորվածությունները, երբ ՀՀ իշխող ուժի ղեկավարը բաց տեքստով Արցախը հռչակեց ադրբեջանական:

Ո´չ եռակողմ փաստաթղթի մասնակից ու Արցախում խաղաղապահ զորախումբ տեղակայած Ռուսաստանը, ո´չ աշխարհաքաղաքական մյուս դերակատարները` ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին` կանխելու Արցախի բլոկադան, իսկ հետագայում հայերի բռնի տեղահանությունն ու Արցախի օկուպացիան:

Ադրբեջանի ցեղասպան գործողություններն Արցախի նկատմամբ այդքանով չավարտվեցին: 2021-24 թվականները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և տարածքային օկուպացիայի տարիներ էին, իսկ Ադրբեջանի պահանջները որևէ ձևով չեն դադարում»: