Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման մասին որոշումներից հետո կարող ենք գնահատել՝ ռուսական կոնցեսիան մեզ խոչընդոտո՞ւմ է. Պողոսյան

Որպեսզի մենք ռուսական կոնսենսիան համարենք կամ չհամարենք խոչընդոտ ապաշրջափակման հարցում, նախ պետք է ունենանք հստակ երաշխիքներ և որոշումներ, որ բացվելու են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Նախիջևան սահմանները։ «Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկման ժամանակ այսօր այս մասին ասաց APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։

 «Բոլորս ենք հասկանում, որ խոսակցությունը սրա մասին է, որ ենթադրաբար X քանակության բեռներ, Կենտրոնական Ասիայից կամ Ադրբեջանից, որոնք պետք է անցնեն դեպի Թուրքիա, դրանք անցնելու են TRIPP-ով, մտնեն Նախիջևան, որտեղից ունեն երկու հնարավորություն՝ կամ Նախիջևանից բարձրանան Երևան, Գյումրի, Կարս և մտնեն Թուրքիա, կամ Նախիջևանից ուղղակի մտնեն Կարս։ Գիտենք, որ դեռ անցյալ տարի հայտարարվեց Կարս-Գյումրի երկաթգծի շինարարության մասին։ Ենթադրաբար 2030 թվականին այդ շինարարությունը կավարտվի։

Հիմա, որպեսզի մենք ասենք, որ ռուսական կոնցեսիան հայկական երկաթուղիների նկատմամբ թույլ չի տալիս, որպեսզի այդ բեռները Նախիջևանից Թուրքիա մտնեն, նախ պետք է լինեն հստակ որոշումներ Հայաստան-Նախիջևան և Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին։ Այն պահին, երբ մենք կունենանք Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Նախիջևան սահմանների բացման մասին գոնե պաշտոնական որոշում, և դրանից հետո էլ մենք ստանանք տեղեկույթ Ադրբեջանից կամ Կենտրոնական Ասիայից, որոնք կհայտարարեն, որ՝ տեսեք Հայաստան-Նախիջևան սահմանը բաց է, Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է, բայց քանի որ Երասխից մինչև Գյումրի հատվածը գտնվում է ռուսական կոնցեսիոն կառավարման տակ, այդ բեռները այդ տարածքով չեն կարող անցնել, հետևաբար, միակ տարբերակը լինում է Նախիջևանից ուղղակի գնալ Թուրքիա, այդ դեպքում մենք կարող ենք հստակ հայտարարել, որ այո՛, ռուսական կոնֆեդերացիան էական խոչընդոտ է, որպեսզի Հայաստանը դառնա միջին միջանցքի բաղկացուցիչ մաս։

Նախ, մենք պետք է հասնենք դրան, որպեսզի ընդունվեն որոշումներ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման մասին, որից հետո նոր կարող ենք գնահատել՝ արդյոք ռուսական կոնցեսիան մեզ խոչընդոտում է և ինչ աստիճանով է խոչընդոտում։ Իսկ հիմա այս քննարկումները ավելի շատ կրում են քաղաքական, քան ռեալ պրակտիկ բնույթ»։

Քննարկմանը ներկա վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանն իր հերթին նկատեց՝ այս հարցը քաղաքականացված է, այստեղ լուրջ տնտեսական ու տեխնիկական բացատրություններ չկան։ «Եվ երկրորդը, ասում են՝ քանի որ երկաթգիծը գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո, այլընտրանքը մնում է Կարս-Նախիջևան երկաթգիծը։ Հիմա հակառակից փորձենք պատասխանել, այդ դեպքում եթե երկաթգիծը չլինի ռուսական կոնցեսիայի տակ, դա կնշանակի, որ Կարս-Նախիջևան երկաթգծի իրականացնումը կչեղարկվի։ Մեզ համար պարզ է, որ դա տեղի չի ունենում, որովհետև այս պրոյեկտը տնտեսական չէ, այլ աշխարհաքաղաքական է։ Հետևաբար եթե նույնիսկ երկաթգիծը չլինի ռուսական կոնցեսիայի տակ, Կարս-Նախիջևան երկարագիծը կկառուցեն»,- ասաց բանախոսը։