Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

2 վիրավորի վիճակը միջին ծանրության է, մեկի վիճակը գնահատվում է ծանր

Այսօր՝ մոտավորապես 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Այս մասին azgonline.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրությունից:

«Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:

Եկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման:

Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր»,- նշված է հաղորդագրությունում: