Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված 1919-20 թթ քարտեզներ, որպես այդպիսին, գոյություն չունեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀԺ-ի կայքում հրապարակված հոդվածին, որտեղ խոսվում է Ադրբեջանի պահանջների մասին եւ ի թիվս այլ պահանջների նշվում է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը 1919, 1920 թվականի քարտեզներով իրականացնելու մասին։
Պատմական փաստերը ներկայացնելով՝ Աշոտ Մելքոնյանն ասաց․ «1920 թ-ի օգոստոսի 10-ի Սեւրի դաշնագրով որոշվում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման խնդիրը պետք է լինի կողմերի համաձայնությամբ՝ շահագրգիռ հանձնաժողովների աշխատանքի արդյունքում։ Ինչպես հայտնի է, 1918 թ-ի վերջին, Հայաստանի Հանրապետությունը Փարիզի վեհաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել, իսկ Ադրբեջանը նման հրավեր չի ստացել։ Ադրբեջանի պատվիրակությունը մեկնել էր Փարիզ՝ իր հետ տանելով մտացածին քարտեզներ՝ Ադրբեջանի սահմանների վերաբերյալ իրենց պատկերացումներով։ Այդ քարտեզները, մեղմ ասած, ֆանտազիայի ժանրից էին, դրանցում որպես Հայաստան, ըստ էության 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք էր ներկայացվում»։
Մանրամասնելով, պատմաբանը նշեց՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ համաձայնեցված, ցանկանում էր Հայաստանը թողնել 1918 թվականի հուլիսի 4-ի Բաթումի պայմանագրի սահմաններով, ըստ որի, Հայաստանի տարածքը պետք է դառնար 12 հազար քառակուսի կիլոմետր՝ Սեւանա լճի արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ափերից մինչեւ Արաքս գետը, ընդ որում, դրանով նույնիսկ Շիրակը չէր նախատեսվում Հայաստանի կազմում։ «Ըստ երեւույթին, մենք կլսենք , որ թուրքական կողմն էլ այդ տարածքների նկատմամբ հավակնություն հանդես կբերի։ Երբ Ադրբեջանը օրակարգ է բերում 1918-20 թթ քարտեզների գաղափարը, նկատի ունի այդ մտացածին, կեղծ քարտեզները, որոնք ոչ թե միջազգայնորեն ճանաչված քարտեզներ են, այլ Ադրբեջանի պատկերացումները, թե Փարիզի վեհաժողովից հետո ինչպիսի սահմաններ պետք է նախատեսվեր Ադրբեջանի համար։ Այդ քարտեզները որեւէ իրավական հիմք չունեն եւ Ադրբեջանի պատկերացումների արտացոլանքն են»,-ընդգծեց Աշոտ Մելքոնյանը:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ի կայքում «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդվածում, որտեղ հղում անելով անանուն աղբյուրին, նշվում է թե Ադրբեջանը 5 պահանջ է ներկայացրել։ Այն է՝ ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի, այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով: Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:Աշոտ Մելքոնյանն արձանագրում է՝ Հայաստանի նկատմամբ լուրջ ճնշում է կիրառվում, եւ թուրք-ադրբեջանական տանդեմը այդ առումով ցանկանում է ստանալ ՌԴ-ի համաձայնությունը։Ինչ վերաբերվում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին եւ այն փաստին, որ Ադրբեջանը իրեն չի ճանաչում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, Աշոտ Մելքոնյանը, կրկին հղում անելով պատմական փաստերին, ասաց․«Ինչպես հայտնի է, 1918-20 թթ-ին Արցախը հռչակեց իր անկախությունը։ 1918 թվականի ամառվանից իշխանության մարմին հռչակվեց Արցախի ժողովրդական կառավարությունը եւ Ազգային խորհրդի բոլոր 10-ը որոշումներով հայտնեց իր կամքը՝ Հայաստանին անվերապահորեն միանալու վերաբերյալ։ 1919 թվականի հուլիսին, անգլիացիների միջամտությամբ, ժամանակավոր որոշում կայացվեց Խոսրովբեկ Սուլթանովի իշխանությանը առժամանակ ենթարկվելու վերաբերյալ, որը շատ կարճ տեւեց։ 1920 թվականի մարտին ադրբեջանցիները Շուշիում կազմակերպեցին հայկական կոտորածներ, ժողովուրդը ապստամբեց եւ 1920 թ ապրիլի 25-ին Ազգային խորհրդի 9-րդ համագումարը երկրամասը հռչակեց Հայաստանի Հանրապետության մաս, որտեղ արդեն կանգնած էին Նժդեհի եւ Դրոյի զորքերը, որոնք Կապանից եւ Գորիսից մտել էին Արցախի տարածք։ Ադրբեջանը նկատի ունի 1920 թվականի հուլիսին 11-րդ կարմիր բանակի հետ իրենց ներխուժումը Զանգեզուրի տարածք եւ 11-րդ կարմիր բանակի օկուպացրած տարածքը ներկայացնում է որպես Ադրբեջանի մաս՝ Ադրբեջանական Խորհրդային Հանրապետություն, այնինչ, նման բան գոյություն չունի։ 1920 թ-ի օգոստոսի 10-ի Թիֆլիսի համաձայնագրով Արցախը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվել են հայ-ադրբեջանական վիճելի տարածք, որի երաշխավորը պետք է համարվեր Ռուսաստանը՝ մինչեւ խնդրի վերջնական կարգավորում։ Ադրբեջանցիները 11-րդ կարմիր բանակի օկուպացիան փորձում են ներկայացնել ՝ իբրեւ թե Ադրբեջանին այդ տարածքների միացում, ինչը իրականության հետ բացարձակապես կապ չունի»։Աշոտ Մելքոնյանի խոսքով, փաստը, որ Ադրբեջանը ՀՀ տարածք ներխուժելուց հետո չի համաձակվում կոնկրետ բնակավայրեր ռազմակալել, հուշում է այն մասին, որ նա միջազգային հանրության դիրքորոշումից զգուշանում է, այլապես դա կաներ, ուստի ընտրել է Հայաստանին վախեցնելու մարտավարությունը։ «Եթե նրանք մտնեին Ջերմուկ, ինչպես պետք է մեր դաշնակիցները, ընդհուպ մինչեւ միջինասիական հանրապետությունները, հայտարարեին թե քանի որ դելիմիտացիա-դեմարկացիա չի եղել, չենք կարող ասել, դա ում տարածքն է։ Սա է պատճառը, որ Ադրբեջանն ընտրել է մեզ վախեցնելու եւ ստիպելու, որ մենք մեր ձեռքով ադրբեջանամետ որոշում կայացնենք, որը երբեք թույլ տալ չի կարելի եւ այդ կրավորական վարքագիծը միմյան մեր դեմ է աշխատելու։ Վերջին շրջանում, հատկապես Արեւմուտքի ակտիվացման , Իրանի ակտիվացման պայմաններում Ադրբեջանը հասկացել է, որ այդ մեծ ոսկորը չի կարող կուլ տալ եւ , որ այն իր կոկորդին կանգ կառնի, ուստի, չպետք է կրավորական վարքագիծ դրսեւորել, մեր ժողովուրդը պետք է հաստատակամ լինի։ Այսպես չի կարող շարունակվել »,-եզրափակեց Մելքոնյանը ։Աղբյուր` Փաստինֆո